Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի կարծիքով՝ քաղաքական ուժերից բաղկացած ժամանակավոր հանձնաժողովից օբյեկտիվ զեկույց սպասել չի կարելի: Այդ մասին Հարությունյանը հայտնել է լրագրողների հետ սեպտեմբերի 18-ին կայացած հանդիպմանը՝ անդրադառնալով մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի՝ նախօրեին ներկայացված զեկույցին:
«Բացարձակ օբյեկտիվ կատեգորիա չկա: Եւ քաղաքական ուժերից բաղկացած հանձնաժողովից օբյեկտիվ զեկույց սպասել չի կարելի»,- մանրամասնեց Հարությունյանը՝ միաժամանակ հավելելով, որ հանձնաժողովը եթե իշխանության մաս կազմող կուսակցությունների փոխարեն բաղկացած լիներ ընդդիմադիր գործիչներից, ընկնելու էր հակառակ ծայրահեղության մեջ:
Հարությունյանը նաեւ հերքեց ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին՝ փաստորեն նրան մեղադրելով ստախոսության մեջ: Նիկոյանը Ազգային ժողովում հայտարարել էր, թե լուծարված փաստահավաք խումբը ժամանակավոր հանձնաժողովին մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում կատարվածի վերաբերյալ նյութեր չի տրամադրել: Արմեն Հարությունյանը հայտնեց, որ խոսել է լուծարված փաստահավաքում իր ներկայացուցչի՝ Վահե Ստեփանյանի հետ, եւ վերջինս հայտնել է, որ փաստահավաքը նման նյութեր տրամադրել է հանձնաժողովին:
Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ին ոստիկանությունը բռնությամբ ցրեց Ազատության հրապարակում հավաքված խաղաղ ցուցարարներին, իսկ երեկոյան արդեն հրազեն կիրառեց, ինչի արդյունքում զոհվեցին 10, վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: Առ այսօր սպանությունները չեն բացահայտվել: Իսկ երեկ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարեց, թե մարտի 1-ի մեղավորը ընդդիմությունն է:




























