Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կայացել է, եւ հաջորդ օմբուդսմենը կարող է լրջորեն աշխատել առկա բազայի վրա: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է օմբուդսմեն Արմեն Հարությունյանը՝ պատասխանելով իր հաջորդի մասին հարցին:
Հարությունյանը նշել է նաեւ, որ օմբուդսմենը նշանակվում է օրենքով, եւ եթե դրույթները պահպանվեն, Հայաստանը լավ օմբուդսմեն կունենա: Նրա խոսքով, պաշտոնական մակարդակով որեւէ մեկի հետ չի քննարկել նոր օմբուդսմենի թեկնածությունը:
Հարությունյանը, սակայն, նախապես, զգուշացել է իր հնարավոր հետնորդին, որ պետք է պատրաստ լինի քաղաքական շանտաժին: Ըստ ՄԻՊ-ի, իրեն հաջողվել է 5 տարի շարունակ չեզոքություն պահպանել եւ չխառնվել ոչ ընդդիմության, ոչ իշխանության հետ:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը սահմանված կարգի համաձայն հրաժարականի դիմում է ներկայացրել Հայաստանի ազգային Ժողովին: Արմեն Հարությունյանը նշանակվել է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչ: Նշենք, որ Հարությունյանը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցնում է 2006 թվականի փետրվարի 20-ից՝ 6 տարի ժամկետով:





























