Հայաստանում երկպալատ խորհրդարանի անցնելու գաղափարը հարկ է դիտարկել ավելի շուտ զգացմունքային հարթությունում, այլ ոչ որպես ռացիոնալ առաջարկ, մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ մեկնաբանելով սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հայտարարությունը՝ երկպալատ խորհրդարանի անցնելու հնարավորության մասին:
Նրա խոսքով, նման գաղափարները ծնում են ինչ-որ մի տեղ՝ թեյի բաժակի շուրջ, եւ որեւէ լուրջ լեյտմոտիվ չեն ունենում: Բոզոյանն ընդգծել է, թե նման գաղափարների փոխարեն հարկ է սփյուռքի եւ Հայաստանի ինտեգրման գործուն մեխանիզմներ մշակել: «Այսօր նման մեխանիզմներ ուղղակի չկան»,- ասել է Բոզոյանը:





























