Ռուսաստանի ջավախահայերը դիմել են Ռուսաստանում Հայաստանի դեսպանին կապված Հայաստանում պարտադիր ավտոապահովագրության համակարգի (ԱՊՊԱ) ներդրման հետ, ինչը լուրջ բարդություններ է ստեղծել հայ-վրացական սահմանը հատողների համար:
«ԱՊՊԱ-ի ներդրումից հետո, Հայաստանի սահմանը հատող ցանկացած մեքենա ենթակա է պարտադիր ապահովագրման, ինչը լուրջ դժգոհություններ է առաջ բերել Ջավախահայերի շրջանում: Բացի այդ, ՀՀ սահմանը հատելիս անհրաժեշտ է նաեւ մեքենան ժամանակավորապես երկիր մտցնելու թույլտվություն ձեւակերպել: Մաքսատանն այդ աշխատանքներն իրականացնողների բացակայության եւ գրանցման կետերի պակասության հետեւանքով մեծ անհարմարություններ ու հերթեր են առաջանում սահմանին»,- նշվում է Ռուսաստանի ջավախահայերի հայտարարության մեջ:
Ջավախահայերը նշել են, որ Հայաստանի մաքսատներում աշխատանքը հստակ չի կազմակերպվում եւ ջավախահայերի հանդեպ անհարգալից վերաբերմունք է դրսեւորվում:
«Ականատեսների պատմելով, մի կին Վրաստանից Երեւան էր մեկնում, որպեսզի հիվանդանոցում տեսնի մահամերձ հորը, սակայն հայկական մաքսատանն այնքան են սպասեցրել, մինչեւ տեղեկացել է, որ հայրը մահացել է: Եղել այլ դեպքեր, երբ մարդիկ հիվանդներ են տեղափոխելիս եղել եւ ժամերով սպասել են մաքսակետում: Նման դեպքերը եզակի չեն»,- ասված է հաղորդագրությունում:




























