ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը Թուրքիայի ձեռքում ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա ազդելուն ուղղված, թուրք-ադրբեջանական տանդեմը լոբբի անող մտրակ կդառնա։ Փետրվարի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման միտք հայտնեց փորձագետ Երվանդ Բոզոյանը:

«Դրանով էլ այդ հանձնաժողովը միշտ կազդի հայկական կողմի նյարդերի վրա եւ կխոչընդոտի խնդրի կարգավորմանը»,- նկատեց փորձագետը՝ ընդգծելով, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության հիմնական առաքելությունը պետք է լինի այդ հանձնաժողովի «վախճանն ապահովելը»։

Նա նաեւ ընդգծեց, որ հայկական պատվիրակությունը պետք է օրինակ վերցնի Ադրբեջանից եւ առավել կոշտ խոսի ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանք գիտակցեն, որ չպետք է խոստանալ մեկ բան, անել ուրիշ բան։ Բոզոյանը նկատի ուներ այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների ներկայացուցիչները խոստացել էին չսատարել ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ստեղծմանը, սակայն այլ կերպ վարվեցին։

Նրա գործընկեր, ԱՊՀ Ինստիտուտի հայկական ներկայացուցչության ղեկավար Ալեքսանդր Մարկարովն իր հերթին նկատեց, որ Մինսկի խմբի ներկայացուցիչների նման պահվածքն, ամենայն հավանականությամբ, արդյունք է եղել իրենց ԱԳ նախարարությունների հետ անհամաձայնության։