Հայաստանի հասարակությունը կորցրել է վստահությունը ընտրական ինստիտուտի նկատմամբ, քանի որ քվեաթերթիկի միջոցով երբեք հնարավոր չի եղել հասնել արմատական փոփոխությունների եւ քաղաքական վերադասավորումների։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փետրվարի 2-ին հայտարարեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Ընտրական օրենսգրքի» վերջին փոփոխություններին։
«Եթե չվերականգնվի հասարակական վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ, ապա դա կնշանակի, որ «հայկական ժողովրդավարությունը» խայտառակ պարտություն է կրել, իսկ Հայաստանը, հասնելով հասունացման տարիքի, այդպես էլ չի հասունացել»,-հայտարարեց Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ անկախ Հայաստանի պատմության գրեթե ողջ ընթացքում ընտրությունները վերարտադրել են այն իրավիճակը, ինչ եղել է մինչ այդ։
«Հայաստանը հետխորհրդային երկրների մեջ այն բացառիկ երկիրն է, որտեղ երբեք հնարավոր չի եղել ընտրությունների միջոցով հասնել փոփոխությունների։ Միակ դեպքը դա 1999 թվականն էր, երբ ընդդիմության՝ «Միասնություն» դաշինքում համախմբվելով քաղաքական դաշտում որոշակի վերադասավորումներ տեղի ունեցան»,-նշեց բանախոսը։ Նա նաեւ հավելեց, որ եթե ընդդիմությունը հստակ չձեւակերպի ընտրական օրենսգքի փոփոխությունների վերաբերյալ իր պահանջները, ապա գալիք ընտրությունները ոչ մի փոփոխություն չեն մտցնելու Հայաստանի քաղաքական կյանքում։
Նշենք, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2012 թվականին։ Մեկ տարի անց էլ՝ 2013-ին, տեղի կունենան նախագահական ընտրություններ։





























