Financial Times–ի գլխավոր տնօրեն Ջոն Ռիդինգը համաձայնել է վերադարձնել իր վաստակած գումարների մի մասը պարբերականի լրագրողների քննադատությունից հետո։ Այս մասին հաղորդում է Financial Times–ը՝ վկայակոչելով խմբագրության աշխատակիցներին ուղղված Ռիդինգի նամակը, փոխանցում է ՌԲԿ–ն։

Ռիդինգը հայտարարել է, որ կվերադարձնի եկամուտների տարեկան տարբերությունը՝ 510 հազար ֆունտ ստերլինգը։ Միջոցները կուղղվեն թերթի աշխատանքների ֆինանսավորմանը, ինչպես նաեւ հատուկ ֆոնդին, որը պետք է կրճատի աշխատանքի վճարման հարցում գենդերային տարբերությունը։  

Ավելի վաղ Financial Times–ի լրագրողները, վրդովված Ռիդինգի եկամուտների աճից՝ 2016-ին 2.04 մլն ֆունտից 2017–ին 2.55 մլն ֆունտ, Ռիդինգից պահանջել են նախորդ տարի վաստակած գումարների մի մասը բաժանել խմբագրության աշխատակիցների միջեւ։