Tesla ընկերության բաժնետոմսերի  գները ընկերության դեմ հետաքննության ակտիվացման մասին լուրերից հետո այսօրվա առեւտրի գործարքների արդյունքներով նվազել են ավելի քան 2.5 տոկոսով:

Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, ԱՄՆ-ի արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովը (SEC) արտադրողին դատական ​​հարցում է ուղարկել տվյալների տրամադրման վերաբերյալ՝ մասնավորապես Tesla-ն մասնավոր ընկերություն դարձնելու Իլոն Մասկի վերջին հայտարարությունների մասով:

Tesla-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Իլոն Մասկը օգոստոսի 8-ին Twitter-ի էջում հաղորդել էր ներդրողներից բաժնետոմսերի հնարավոր գնման եւ բորսայից ընկերության դուրս գալու մասին:

SEC 14e-8 կանոնը արգելում է հանրային ընկերություններին արժեթղթերի վաճառքի կամ ձեռքբերման մասին հայտարարություն անել, եթե ղեկավարությունը իրականում չի ծրագրում դա անել կամ չունի միջոցներ:

Հակառակ դեպքում, դա կարելի է դիտարկել որպես բաժնետոմսերի մանիպուլյացիայի փորձ: Իլոն Մասկը նշել է, որ ընկերության բաժնետոմսերի հետգնման միջոցներ ընկերությունն ունի. դրանք իբրեւ թե կտրամադրի Սաուդյան Արաբիայի ինքնիշխան հիմնադրամը:

Այնուամենայնիվ մի խումբ բաժնետերեր արդեն դատի են տվել Մասկին նրա համար, որ նա սոցիալական ցանցում հայտնել է ընկերության ծրագրերի մասին: