«Հեղափոխություն» տերմինի փոխարեն անհրաժեշտ է խոսել և կիրառել «ազգային զարթոնք» տերմինը կամ գոնե «իշխանափոխության»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ խոսելով Հայաստանում «թավշյա» հեղափոխության և դրանից հետո տեղ գտած գործընթացների մասին։
Հայրիկյանի խոսքով՝ սկզբում խոսվում էր այն մասին, որ ՀՀ քաղաքացիները պետք է դառնան իրենց երկրի լիարժեք տերը և այդ պահին դա գործող կառավարության առաջնահերթ խնդիրն էր։
«Ես, ի դեպ, շատ ուրախ եմ, որ վերջին հանրահավաքի ժամանակ, չնայած ուշացմամբ, բայց միևնույնն է, անդրադարձ է կատարվել սահմանադրական բարեփոխումների թեմային։ Սառույցը վերջապես տեղից շարժվեց»,–ասաց նա։
Նա կարծիք հայտնեց, որ նոր հիմնական օրենքի՝ սահմանադրության ընդունման հանրաքվեի անցկացման անհրաժեշտություն է առաջացնում։





























