Գերմանական Siemens AG կոնցեռնը Թեհրանի նկատմամբ Վաշինգթոնի կիրառած պատժամիջոցների պատճառով հեռանում է Իրանից: Այս մասին ասվում է Մյունխենում գործող էլեկտրական տեխնիկայի եւ էլեկտրոնիկայի արտադրողի հայտարարության մեջ, հաղորդում է DW-ն:
Կոնցեռնը կշարունակի հետեւել արտահանման առկա սահմանափակումներին, նշում են ընկերությունում: Ավելի վաղ Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը ասել էր Իսլամական հանրապետությունից Siemens-ի հեռանալու ծրագրերի մասին:
Օգոստոսի 7-ին Դոնալդ Թրամփը ստորագրել էր Իրանի դեմ 2015-ին կասեցված պատժամիջոցների վերսկսման մասին օրենք:
Պատժամիջոցների առաջին փաթեթը վերաբերում էր Իրանի ավտոմոբիլային հատվածին, ոսկու եւ թանկարժեք մետաղների վաճառքին, ինչպես նաեւ արտարժույթի փոխանակման գործարքներին: Մասնավորապես, արգելվել է իրանական ավտոարտադրությանը վերաբերող ապրանքների եւ ծառայությունների վաճառքը եւ մատակարարումը, ինչպես նաեւ ռիալի հետ գործարքները:
Պատժամիջոցներիի այս խմբի արդյունքում կարող է նաեւ տուժել Siemens կոնցեռնը, որը լիցենզավորված պայմանագրեր է կնքել Թեհրան գազի տուրբինների մատակարարման մասին:





























