ՀՀ Արարատի մարզպետարանի ենթակայությամբ գործող որեւէ հիմնարկում էլեկտրաէներգիայի ծախսի անհամապատասխանության դեպք չի հայտնաբերվել կամ արձանագրվել: Այս մասին NEWS.am-ին ասել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե Արարատի մարզպետարանի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Արաքս» մասնաճյուղում չարաշահումներ են հայտնաբերվել:
«Նյութի բովանդակությունը, մեղմ ասած, զարմանք է առաջացնում՝ իրերի իրական դասավորվածությունն այդ այստիճան վատ պատկերացնելու տեսանկյունից: Լիովին համաձայն լինելով նշված հարցի վերաբերյալ ՀՀ Արարատի մարզպետարանի կողմից տարածված պարզաբանման հետ՝ հարկ եմ համարում հավելել, որ մարզպետարանի ենթակայությամբ գործող որեւէ հիմնարկում էլեկտրաէներգիայի ծախսի անհամապատասխանության դեպք չի հայտնաբերվել կամ արձանագրվել»,- նշել է Նատալյա Սարջանյանը:
Նա նաեւ հավելել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բոլոր բաժանորդների հետ կապված ցանկացած հարց ուսումնասիրում է Էլեկտրաէներգիայի մատակարարման եւ օգտագործման կանոններով սահմանված կարգով:




























