Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Թումանյան 42 հասցեում գտնվող շենքի նկուղային եւ կիսանկուղային տարածքները մինչեւ 25 տարի ժամկետով վարձակալությամբ կհանձնվեն։ Կառավարության այսօրվա՝ փետրվարի 3-ի նիստում համալսարանին նման լիազորություն վերապահվեց:
Վարձակալը «Գաուդեամուս» ՍՊԸ-ն է, վարձակալվող տարածքը՝ 370 քմ։ Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշված է, որ վարձակալության արժեքը չպետք է պակաս լինի ամսական 400 հազ. դրամից։ Այդ գումարները պետք է գանձվեն պետական բյուջե։
Ըստ կառավարության բացատրագրի՝ նշված տարածքները ուսումնական նպատակների համար պիտանի չեն, քանի որ նկուղային են: Այդ տարածքները պահանջում են հիմնանորոգում եւ վերանորոգում, ինչը կապված է ֆինանասական մեծ ծախսերի հետ:
Համալսարանը բազմաթիվ անգամներ առաջարկներ է ստացել այդ տարածքները վարձակալությամբ հանձնելու, սակայն հնարավոր վարձակալները պայմանագրի ժամկետը մեկ տարով սահմանափակված լինելու պատճառով չեն ցանկացել ներդրումներ կատարել:
Վարձակալությամբ հանձնվող տարածքներում նախատեսվում է կազմակերպել ինտերնետի ծառայություններ եւ գրադարան սրճարան:




























