Շիրակի մարզի խոշորացված Ախուրյան համայնքի գյուղերի բնակիչները փակել են դեպի Վրաստան տանող ճանապարհը: Նրանք պահանջում են խոշորացված համայնքի գյուղերը նորից առանձնանցել, վերադարձնել իրենց նախկին կարգավիճակը, քանի որ խոշորացման ժամանակ իրենց կարծիքը ոչ ոք հաշվի չի առել:
Գյուղացիները պահանջում են, որ իրենց մոտ գա Շիրակի մարզպետը եւ լսի իրենց կարծիքն ու պահանջը: «Խոշորացումը տեղի է ունեցել նոյեմբերին ու դրանից հետո ոչինչ չի փոխվել: Որեւէ փոփոխություն չենք տեսել, վճարում ենք հարկեր, բայց ներդրումներ չեն արվում համայնքներում»,-ասաց ակցիայի մասնկիցներից մեկը՝ հավելելով, որ չեն լուծվում ջրի խնդիրը, աղբահանության եւ այլ խնդիրներ:
Ցուցարարները ընդգծեցին, որ իրենք դեմ չեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց ուզում են, որ իրենց ձայնը լսելի լինի, ուզում են, որ իրենց վճարած հարկերը մնան իրենց համայնքին եւ ներդրումները հենց իրենց մոտ արվեն:
Նրանք հայտարարում են, որ ճանապարհը չեն բացի, մինչեւ իրենց պահանջը չկատարվի:
«Ինչու իշխանությունները չեն գալիս մեզ լսեն, բանակցեն: Վերեւներում մեզ չեն լսում: Ոչ մեկին էլ չենք հավատում, բացի Փաշինյանից: Փաշինյանը ղայդին մարդ ա: Մենք ուզում ենք առանձնանալ, լինել առանձին համայնքներ»,-ասացին նրանք:
Նշենք, որ այս տարի նախատեսված է համայնքների խոշորացման հաջորդ փուլը, սակայն նոր կառավարությունը կասեցրել է գործընթացը: Հայտարարվել է, որ նախ մտադիր են լսել համայնքների կարծիքը եւ առանց նրանց համաձայնության խոշորացում այլեւս չի լինելու:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ցուցարարների մոտ է գալիս Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը:





























