Իտալիայի խորհրդարանում գործող հայ-իտալական բարեկամության խումբը կընդլայնվի: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանի եւ Իտալիայի Սենատի փոխնախագահ Վաննինո Կիտիի փետրվարի 2-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ: ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել Իտալիայի խորհրդարանում գործող Անվտանգության հարցերով կոմիտեի /COPASIR/ նախագահ, երկրի նախկին վարչապետ ու արտգործանախարար Մասսիմո Դ’Ալեմայի /Massimo d’Alema/, ինչպես նաեւ Իտալիայի Սենատի փոխնախագահ Վաննինո Կիտիի /Vannino Chiti/ հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մասսիմո Դ’Ալեմայի հետ դեսպան Կարապետյանը քննարկել է հայ-իտալական հարաբերությունների, տարածաշրջանային ու միջազգային զարգացումների, Հարավային Կովկասում Իտալիայի արտաքին քաղաքականության, ինչպես նաեւ եվրոպական կառույցներում Իտալիայի ներկայացուցիչների հետ համագործակցության հետ կապված մի շարք հարցեր:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման ու հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն ուղղված գործընթացներին:

Իտալիայի Սենատի փոխնախագահ Վաննինո Կիտիի հետ հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվել է հայ-իտալական խորհրդարանական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունն ու Սենատում երկու ժողովուրդների պատմական բացառիկ կապերը լուսաբանող տարբեր միջոցառումների կազմակերպման կարեւորությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել Իտալիայի խորհրդարանում գործող հայ-իտալական բարեկամության խումբը, իրականացնել փոխայցելություններ եւ բարձրացնել իտալացի օրենսդիրների շրջանում տեղեկացվածության մակարդակը Հայաստանի եւ ԼՂՀ-ի վերաբերյալ: