Եգիպտոսում, Թունիսում, Ալժիրում, Լիբանանում, Սուդանում տեղի ունեցող հակակառավարական ցույցերը եւ դրանց հետեւանքով ի հայտ եկած լարված իրավիճակը  ազդել է հայաստանյան տուրիստական գործակալությունների գործունեության վրա: Նշենք, որ  մասնավորապես, Եգիպտոսը հայ զբոսաշրջիկների սիրելի երկիրն է տարվա բոլոր եղանակներին, ձմռանը՝ հատկապես:  Տուրիստական գործակալություններից շատերը, փաստորեն, զրկված են հայ զբոսաշրջիկների ձմեռային հանգիստը տաք երկրում հոգալու եւ բնականաբար մեծ փողեր աշխատելու հնարավորությունից: 

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տուրիստական կազմակերպություններից մի քանիսը, մասնավորապես՝  «Իմեգա տուր», «Արմանե», «Արգոտուր»,  հայտնեցին, որ վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում դեպի Եգիպտոս ուղեւորություններ ընդհանրապես չեն կազմակերպում՝ «ավելորդ գլխացավանքներից խուսափելու համար»:  Գործակալություն զանհագահարած զբոսաշրջիկներին, ինչպես հայտնեցին  «Իմեգա տուր»-ից, իրազեկում են Եգիպտոսում տիրող իրավիճակի մասին, ինչից հետո, այդ երկրում հանգստանալու ցանկությունը գործակալությանը դիմած զբոսաշրջիկների մոտ կորում է:  Այդ է պատճառը, որ այս օրերին մեծ պահանջարկ է վայելում ուղեւորությունը դեպի Դուբայ:

«Արմանե»-ից էլ  հայտնեցին, որ մասնավորապես դեպի Թունիս եւ Եգիպտոս ուղեւորություն չեն կազմակերպում, քանի որ. «Բոլորը գիտեն, թե ինչ է կատարվում այդտեղ եւ ոչ մի տուրիստական ընկերություն չի ուզում իր համար ավելորդ խնդիր առաջացնել, որ այնտեղից տուրիստը զանգի ու ասի՝ ինձ չգիտեմ ինչ ա եղել: Նույնն էլ Եգիպտոսի մասին կարելի է ասել. Երեւանից դեպի այդ երկիր չարտերային թռիչքները դադարեցվել են եւ մենք էլ տուրիստ չենք ուղարկում այդ երկիր, քանի որ մեզ ավելորդ գլխացավանքներ պետք  չեն»,-նշեց օպերատոր Անին:  Նա հավելեց նաեւ, որ ներկայումս տուրեր են իրականացնում  դեպի այն երկրներ որտեղ ե´ւ կլիմայական պայմաններ են նորմալ՝ ջրհեղեղներ, ցունամիներ տեղի չեն ունենում, ե´ւ քաղաքական իրավիճակն է նորմալ. «Դրանք եվրոպական երկրներն են, Արաբական Էմիրությունները, Ասիական որոշ երկրներ»:

«Արգոտուր»-ի օպերատորը հավաստիացրեց,  որ Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձություններից հետո մի փոքր թուլացել է զբոսաշրջիկների հետաքրքրությունն այդ երկրի նկատմամբ, սակայն այնպես էլ չէ, որ ընդհանրապես պահանջարկ չկա:

«Ներկայումս ավելի շատ տուրեր մշակվում են Դուբայի ուղղությամբ: Տուրեր ենք կազմակերպում նաեւ դեպի Հնդկաստան, որը նույնպես հետաքրքրություն է վայելում այս օրերին»,-հայտնեցին գործակալությունից՝ հավելելով, որ այս կամ այն ուղղությամբ ուղեւորության մեկնելը կախված է մարդկանց անհատականությունից: «Այժմ հազարից մի ուղեւոր է, որ կցանկանա մեկնել կլասիկ տուրերի: Հիմնականում հայ զբոսաշրջիկները նախապատվությունը տալիս են ծովափնյա, թեթեւ հանգստին: Հանգստի այս տեսակը նախընտրում են հիմնականում երիտասարդ տարիքի մարդիկ: Իսկ ավելի տարիքով մարդիկ նախընտրում են պատմական, ինֆորմացիոն տուրերը»,-նշեց գործակալության օպերատորը: