Վրաստանում սեպտեմբերի 15-ից կարգելվի ավտոտրանսպորտով ցորենի կամ ցորենի ու տարեկանի ալյուրի ներմուծումն ու արտահանումը, ասված է երկրի ֆինանսների նախարար Իվան Մաչավարիանիի հրամանագրում, գրում է «Թբիլիսկայա նեդելյա»-ն։

Հրամանագրում ասված է, որ ցորենը կամ ցորենի ու տարեկանի ալյուրը կարելի կլինի փոխադրել միայն երկաթուղային կամ ծովային տրանսպորտով, ինչ վերաբերում է ավտոտրանսպորտին, ապա դրանով փոխադրումները կթույլատրվեն առանձին դեպքերում Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հետ համաձայնության պարագայում։

Նախարարի խոսքով՝ արգելքի սահմանման պատճառը ռուս-վրացական սահմանին ավտոմոբիլային խցանումներն են։

«Մաքսային անցակետերում մեծ հերթեր էին գոյանում։ Զբոսաշրջիկները չեն կարողանում երկիր մուտք գործել։ Մեր տեղեկություններով՝ հարյուրավոր մեքենաներ ետ էին դառնում։ Այս խնդիրը հատկապես նկատելի էր «Լարս» անցակետում»,-հայտարարել է Մաչավարիանին Rustavi2 հեռուստաընկերության եթերում։

Նրա կարծիքով՝ կա բավականին քաղաքակիրթ եւ արդյունավետ ճանապարհ ցորենի ներկրման համար՝ դա ծովային տրանսպորտի եւ երկաթուղու օգտագործումն է։

Գործարարները հանդես են գալիս այս կարգավորման դեմ, քանի որ կարծում են, որ նոր կարգավորման հետեւանքով կբարձրանա հացի գինը, իսկ այդ ոլորտում աշխատող հազարավոր մարդիկ առանց աշխատանքի կմնան։

«Մեծ տարբերություն կա նավով ու երկաթուղով եւ ավտոմեքենայով տեղափոխման միջեւ։ Փաստացի այսօր 1 տոննա ցորենի ներկրումը արժենում է 40 դոլար, նկատի ունեմ միայն տրանսպորտային ծախսերը, իսկ եթե դրան հավելենք նավն ու երկաթուղին, ապա այդ պարագայում 1 տոննան կթանկանա առնվազն 30 դոլարով»,-ասել է ցորեն ներկրող Գեորգի Ջոջաշվիլին։

Հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում Վրաստանից արտահանվել է 1,3 միլիոն դոլարի չափով ցորեն, նույն ժամանակահատվածում ներկրվել է ավելի քան 62,4 միլիոն դոլարի չափով։