Ժամանակին չկատարված  աղբահանությունը վնասում է  մարդու առողջությանը:

NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը նշեց փողոցներում կենցաղային աղբի կուտակման ռիսկի մի քանի գործոններ: Այսպես, շոգ եղանակին զգալիորեն արագանում են աղբի նեխման գործընթացները: Թափոնների կուտակման վայրերը գրավում են կրծողներին, միջատներին, թռչուններին եւ թափառող կենդաիներին, որոնք կարող են տարբեր հիվանդությունների տարածողներ դառնալ:

Կրծողները կարող են տուլյարեմիայի տարածողներ լինել, ճանճերը՝ տարբեր աղիքային վարակների, մոծակները՝  լեյշմանիոզի, թափառող կենդանիները՝ կատաղության:

Բացի այդ, աղբի նեխման ժամանակ առաջացող ծծմբաջրածինը եւ ամիակը, մթնոլորտում անգամ փոքր խտությունների դեպքում կարող են գրգռել մարդու լորձաթաղանթները:

 Բակունցը ուշադրություն դարձրեց այն փաստի վրա, որ աղբի կուտակումները կարող են ինքնաայրվել, ինչը հանգեցնում է մթնոլորտ շմոլ գազի արտանետմանը: «Վերը նշվածի կապակցությամբ կարող ենք արձանագրել, որ ժամանակին կատարված աղբահանությունը մեծ նշանակություն ունի մարդու առողջության համար», - ասաց փորձագետը:

Մինչդեռ մայրաքաղաքում աղբահանության համար պատասխանատու «Սանիտեք» ընկերությունը շարունակում է անտեսել կենցաղային թափոնների կուտակման վերաբերյալ բնակչության բողոքները:

Ընկերությունն իր անգործությունը բացատրում է աշխատանքային տեխնիկայի ոչ բավարար քանակով, անհետաձգելի վերանորոգման աշխատանքների անհրաժեշտությամբ, աղբարկղերի վնասմամբ եւ այլ աղետներով, որոնք հանկարծ միանգամից թափվեցին «Սանիտեք»-ի գլխին Երեւանի քաղաքապետի պաշտոնից Տարոն Մարգարյանի հրաժարականից անմիջապես հետո:

Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը քաղաքապետարանում խորհրդակցությունների ժամանակ չի դադարում հանձնարարել խստորեն վերահսկել «Սանիտեքի» աշխատանքը, սակայն նրա կոչերը դեռեւս ցանկալի արդյունք չեն տվել:

Նույնիսկ 12 միլիոն դրամի տպավորիչ տուգանքը ընկերության մոտ ցանկություն չառաջացրեց  վերջապես, վերանորոգել աղբատար մեքենաները եւ պատշաճ կերպով կազմակերպել աղբահանությունը: