Իջեւանի բնակիչ Արամայիս Համբարձումյանը բողոքում է, որ քաղաքապետն ու իր երկու հարեւանները խանգարում են իր բիզնես գործունեությանը: NEWS.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ 2007 թվականից հողամաս է ստացել եւ օգտագործում է որպես սպասարկման սրահ ու կայանատեղի՝ այդպիսով ստեղծելով մի քանի աշխատատեղ:
«2012 թվականին սպասարկման սրահ եմ կառուցել, ոչ մի խոչընդոտ չի եղել, շենքի կառուցումից հետո էլ խոչընդոտներ չի եղել, շենքի դիմաց կայանատեղի է կառուցվել: Սակայն կայանատեղիին մոտ երկու հարեւաններն Իջեւանի քաղաքապետի հետ խոչընդոտներ են ստեղծում իմ շենքի նպատակային օգտագործման համար»,- պատմեց նա:
Արամայիս Համբարձումյանի խոսքով՝ վարչապետն ու տարածքային կառավարման նախարարը կոչ են անում զարգացնել փոքր եւ միջին բիզնեսը, սակայն Իջեւանի քաղաքապետը խոչընդոտում է իր բիզնես գործունեությանը:
Նա նշեց, որ պայքարելու է մինչեւ վերջ՝ իր իրավունքները պաշտպանելու համար:
«Հանձնաժողով ստեղծեք, ստուգեք, եթե ես սխալ եմ, գնդակահարեք: Քաղաքապետը պաշտպանում է երկու քաղաքացու, կռվի առիթ է սարքել հողատարածքը: Փաշինյանը ծառերն է փոխել, բայց արմատները նույնն են, որոնք չեն թողնելու Փաշինյանին աշխատել»,- հայտարարեց քաղաքացին:





























