Ոչ բոլոր սթարթափերը կարող են մասնակցել Եվրոպական B2B աքսելերատորի Startup Wise Guys աքսելերացիոն ծրագրին. լավ գաղափարի կամ անգամ լավ արտադրանքի առկայությունը բավարար չէ, պնդում է Startup Wise Guys-ի CEO Քրիստոբալ Ալոնսոն: Նախագիծը պետք է հավակնոտ լինի, միջազգային շուկայի համար հետաքրքրություն ներկայացնի, իսկ այդ նախագծի վրա աշխատող թիմը պետք է լավ հասկանա նաեւ իր արտադրանքը եւ իր շուկան, ասում է նա:
«Դրանք պետք է B2B սթարթաթեր լինեն միջազգային շեշտադրությամբ, հավակնոտ նախագծեր, որոնք արդեն ունեն շուկա եւ որոնց հեղինակները պետք է սովորեն, թե ինչպես պետք է միջազգային շուկա դուրս գան: Այսինքն մեզ հետաքրքրում են մարդիկ, որոնք գիտեն՝ ինչպես վաճառել իրենց ապրանքը, բայց չգիտեն ինչպես գրագետ ձեւով այն միջազգային շուկա դուրս բերել», - նշում է նա:
Աքսելերատոր Startup Wise Guys-ը, որը հիմնադրվել է 2012-ին Էստոնիայում, համարվում է Եվրոպայի սթարթաթերի ամենախոշոր ներդրողը: 7 տարվա ընթացքում աքսելերատորը 11 աքսելերացիոն ծրագրեր է անցկացրել եւ ներդրում կատարել 35 երկրների ավելի քան 100 սթարթաթերում. այդ սթարթափերի 70 տոկոսը վերածվել է հաջող բիզնես նախագծերի:
Այժմ աքսլերատորը հաջորդ աքսելերացիոն ծրագրի համար մասնակիցների ընտրություն է կատարում եւ հայկական սթարթափերը լավ հնարավորություն ունեն այդ ծրագրին մասնակցելու համար: Քրիստոբալ Ալոնսոն լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր՝ օգոստոսի 30-ին, նա կծանոթանա ավելի քան 10 սթարթափ նախագծերի հետ եւ դրանցից կընտրի 4-5 առավել հեռանկրայինները: Նրանցից 1 կամ 2-ը կկարողանան եզրափակչում հայտնվել եւ մեկնել այսպես ասած «բութ քեմփ»՝ Տալլինում կամ Ռիգայում ուսումնական ճամբար, որտեղ եզրափակչի 10 մասնակիցները 3 ամիս կսովորեն, թե ինչպես ճիշտ առաջխաղացնեն իրենց սթարթափը, ինչպես այն վաճառեն, ներդրումներ գրավեն: Մասնակիցները նաեւ 30 հազար եվրոյի չափով աջակցություն են ստանում:
«Աջակցությունը առաջնայինը չէ, ավելի կարեւոր է 3 ամսվա ուսուցման ընթացքում ստացված գիտելիքները, պնդում է «Inapptics» սթարթափից Աշոտ Տոնոյանը: Նա աքսելերացիոն ծրագրի մասին նոր չի լսում. անցյալ տարի հենց «Inapptics»-ը դարձավ առաջին հայկական սթարթափը, որը հայտնվեց Startup Wise Guys աքսելերացիոն ծրագրում:
«Inapptics»-ը բջջային հավելվածների օգտատերերի պահվածքի վերլուծության գործիք է. ներգրավել է Startup Wise Guys-ի մասնագետներին եւ կարողացել է եզրափակչում հայտնվել: Այժմ այս արտադրանքն արդեն շուլկայում է, սակայն դրա հեղինակներն աշխատում են նոր տարբերակի կատարելագործման ուղղությամբ, որը առաջիկայում կհայտնվի:
«Շատ հայկական սթարթափեր լուրջ խնդիր ունեն. նրանք ունեն արտադրանք, բայց չգիտեն ինչպես այդ արտադրանքը աշխատող բզինեսի վերածեն: Աքսելերատորն օգնում է նրանց այդ հարցում, սովորեցնում է այն ամենն ինչ նրանք պետք է իմանան, այդ թվում, ինչպես ներդրումներ գրավել: Բացի այդ նրանք օգնում են լավ հասկանալ միջազգային շուկան. արդյոք ձեր երկրից դուրս հետաքրքիր կլինի ձեր արտադրանքը» - ասում է Աշոտ Տոնոյանը:
Այս տարի եզրափակչում եւ աքսելերացիոն ծրագրում հույս ունեն հայտնվել բավական հետաքրքիր հայկական սթարթափեր. նրանց թվում է նախագիծ, որը հնարավորություն է տալիս օգտվել աշխարհի բոլոր բանկերից, նախագիծ, որը օգնում է ընկերություններին գտնել նրանց համապատասխան աշխատակից-ուսանողներ եւ շատ այլ նախագծեր:





























