Ճապոնացի արվեստագետը յուրօրինակ նվեր է արել Երեւանին՝ մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի առթիվ:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանրահայտ արվեստագետ, պրոֆեսոր Կունիտո Նագաոկան պատճենել է Երեւանի «անձնագիր» համարվող ուրարտական սեպագիր արձանագրությունը, որը պահպանվում է «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանում:
Արվեստագետը չինական ավանդական Տակու-Հոն դրոշմատպման եղանակով արտատպել է արձանագրությունը, ինչպես նաեւ Երեւանի պատմության թանգարանում գտնվող հայտնի խաչքարի մեկ օրինակ:
Դրոշմատպման համար օգտագործվել է բարակ եւ ամուր թուղթ (բնական թելատու բույսերից պատրաստված) եւ համապատասխան ստվերաներկ (տուշ): Երեւանում արվեստագետը օգտագործել է ճապոնական «տանգո» տիպի թուղթ, որը պատրաստվում է հատուկ պատվերով: Յուրաքանչյուր ձեռագործ դրոշմատիպ համարվում է բնօրինակ եւ արվեստագետի ստորագրությունն է կրում:
«Ես տպավորված եմ հայերի մշակութային, հոգեւոր ավանդույթներով եւ ուզում եմ կենդանացնել ու փաստագրել հին խաչքարերի առաքելությունն իբրեւ քարե դրոշմատիպեր՝ նրանց վերադարձնելով ժամանակակից աշխարհ` իրենց ձեւերի ամբողջ հարստությամբ եւ փորագրությունների ողջ նրբությամբ: Հատուկ ուզում եմ նշել, որ Երեւանի հիմնադրման սեպագիր արձանագրությունը 21-րդ դարում յուրօրինակ արվեստի գլուխգործոցի մաս կարող է կազմել, չնայած, որ այն արվել է հազարամյակներ առաջ»,- նշել է ճապոնացի արվեստագետը:
Ճապոնացի պրոֆեսորը արտատպած օրինակները հանձնել է Երեւանի պատմության եւ «Էրեբունի» պատմահնագիտական թանգարաններին:





























