ԵՄ արտաքին գործերի նախարարները Վիեննայում քննարկել են Սերբիայի եւ Կոսովոյի հաշտեցման ծրագիրը, որը ենթադրում է ներկա սահմանների փոփոխություն: Բեռլինը, Լոնդոնն ու Հելսինկին մտավախություն են հայտնել, որ դրա իրականացումը կսրի միջէթնիկական լարվածություն Արեւմտյան Բալկաններում, հաղորդում է Euronews-ը:

«Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ հողերի փոխանակման մասին քննարկումները մեզ կարող են նպատակին չհասցնել, սակայն բացել բազմաթիվ վերքեր, որոնք բնակչության մոտ դեռ չեն լավացել», - ասել է գերմանացի նախարար Հայկո Մաասը: «Ուստի մենք շատ թերահավատորեն ենք տրամադրված»:

Հարաբերությունների կարգավորումը ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին Սերբիայի եւ Կոսովոյի համար գլխավոր պայման է: Նրանց ղեկավարները հաջորդ շաբաթ Բրյուսելում նորից կհանդիպեն: