Նույնիսկ Թուրքիայի մերժման դեպքում երկու երկրների միջեւ երկխոսությունը շարունակվելու է: Ազգային ժողովում կայացած ճեպազրույցին նման եզրահանգման է եկել իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Հայաստանի եւ Թուրքիայի եվրոինտեգրման ակտիվ գործընթացի ֆոնին մենք այլ ուղի չունենք, քան երկխոսություն սկսել Թուրքիայի հետ եւ բացել սահմանները, իսկ դա պահանջում է որոշակի դիվանագիտական հիմք»,- հայտարարել է Գալուստ Սահակյանը, միաժամանակ կասկած հայտնելով, թե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երբեւէ բարիդրացիական հարաբերություններ կհաստատվեն: Խոսելով արձանագրությունների մասին, նա ընդգծեց, որ վավերացման դեպքում պատասխանատվության առյուծի բաժինն ընկնելու է Հանրապետական կուսակցության ուսերին, եւ եթե հնարավոր լիներ արձանագրույթուններում հայկական կողմի համար ձեռնտու փոփոխություններ մտցնել, ՀՀԿ-ն կողջուներ դա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրվեցին արձանագրություններ երկկողմ հարաբերությունների զարգացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին: Ներկայումս փաստաթղթերը գտնվում են քննարկման փուլում եւ սպասում են վավերացմանը: