Հայաստանում 2010 թվականին գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 7,9 տոկոսով կամ 1138 դեպքով (2009 թ.` 14339, 2010թ.` 15477): Այս մասին Հայաստանի ոստիկանության կոլեգիայի այսօրվա՝ փետրվարի 4-ի նիստում, որը վարել է Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, հայտարարել է Ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կոլեգիայի աշխատանքներին մասնակցել է Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Հանցագործությունների թվաքանակի աճը հիմնականում պայմանավորված է նրանով, որ 3933 հանցագործության դեպք, կատարված լինելով նախկին տարիներին, ոստիկանության ջանքերով հայտնաբերվել եւ հաշվառման է վերցվել հաշվետու տարվա ընթացքում:

2,1 տոկոսով նվազել է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը (2009 թ.` 5417, 2010 թ.` 5304): Նվազել է այնպիսի հիմնական հանցատեսակների թիվը, ինչպիսիք են սպանությունը (2009 թ.` 68, 2010 թ.` 41), սպանության փորձը (2009 թ.` 29, 2010 թ.` 27), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը (2009 թ.` 1436, 2010 թ.` 1353), այդ թվում ծանր (2009 թ.` 181, 2010 թ.` 167), բռնաբարությունը եւ բռնաբարության փորձը (2009 թ.` 21, 2010 թ.` 15), մահվան ելքով ճանապարհա-տրանսպորտային դեպքերը (2009 թ.` 187, 201 0թ.` 182), ինչպես եւ ավազակության (2009 թ.` 151, 2010 թ.` 107), կողոպուտի (2009 թ.` 265, 2010 թ.` 249), գողության (2009 թ.` 3961, 2010 թ.` 3664), յուրացման կամ վատնման (2009 թ.` 182, 2010 թ.` 155) դեպքերը:

2010 թ. հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1518 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է մոտ մեկ քառորդով: Առգրավվել է 59 կգ 360 գրամ մարիխուանա, 29 կգ մետամֆետամին, 8 կգ 850 գրամ ափիոն, 6 կգ 900 գրամ հերոին, եւ այլն:

Հայտնաբերել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 896 հանցագործության դեպք (2009 թ.` 696):

Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել է նաեւ կոռուպցիոն բնույթի 638 հանցագործության դեպք, ինչը 16,0%-ով ավելի է, քան 2009 թ. ցուցանիշը` 550, ընդ որում նշված հանցագործություններից 469-ը կամ 85,2%-ը ի հայտ է բերվել ոստիկանության մարմինների կողմից: Կոռուպցիոն բնույթի հանցագործություններից 60-ը կաշառակերության դեպքեր են (2009 թ.` 56), որոնցից 54-ը հայտնաբերվել է ոստիկանության ջանքերով:

Ավելի քան մեկ երրորդով նվազել է հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործությունների թիվը (2009 թ.` 100, 2010 թ.` 66): Արձանագրվել է զենքի եւ ռազմամթերքի ապօրինի շրջանառության 475 դեպք, ինչը 14,5%-ով ավելի է, քան նախորդ տարում (2009 թ.` 415): Ապօրինի շրջանառությունից առգրավվել է 354 միավոր հրազեն, իսկ բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնվել է 654-ը: