Մենք հույս ունենք, որ քաղաքական այն փոփոխությունները, որ ՀՀ-ում տեղի են ունեցել, կբերեն վիզայի ազատականացման հնարավորինս արագ եւ արդյունավետ լուծմանը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԵՄ երկրների հետ վիզայի ազատականացման մասին օգտատերերից մեկի հարցին:

«Սա բանակցային գործընթացի խնդիր է: Էսօր, ըստ էության, բանակցությունները ԵՄ-ի հետ պաշտոնապես դեռ բացված էլ չեն, բայց մենք հույս ունենք, որ քաղաքական էն փոփոխությունները, որ ՀՀ-ում տեղի են ունեցել, կբերեն այդ թեմայի հնարավորինս արագ եւ արդյունավետ լուծմանը: Դուք տեղյակ եք, որ Գերմանիայի կանցլերը Երեւան այցի ընթացքում հայտարարեց, որ ինքն ամեն ինչ կանի, որ այդ պրոցեսը հնարավորինս արագ ընթանա, եւ ՀՀ քաղաքացիների համար վիզայի ազատականացման գործընթացը հնարավորինս արագ տեղի ունենա: Եվ եթե էն գործընթացները, որ սկիզբ են առել, շարունակվեն, մեր կարծիքով, բավական արագ մենք նման իրավիճակ կունենանք: Ինչո՞ւ այդ խնդիրը շատ արագ չի լուծվում: Պրոբլեմը հետեւյալի մեջ է, որ Հայաստանը համարվում է ոչ լեգալ միգրացիայի աղբյուր երկիր, եւ Եվրոպայում, գիտեք, դա շատ նուրբ հարց է եւ շատ երկրներ նախընտրում են այդ թեմայով առավել զգուշավոր մոտեցում ցուցաբերել: Բայց Գերմանիայի կանցլերի այցելության ընթացքում ես նրան ներկայացրեցի, որ հեղափոխությունից հետո Հայաստան այցելածների թիվն ավելի շատ է, քան մեկնածների թիվը, ինչը նշանակում է, որ կարող են միգրացիայի աղբյուր հանդիսացող մեր երկրի կարգավիճակը որոշակիորեն փոխել»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ Գերմանիայի կանցլերի այցը շատ բարձր է գնահատում, որովհետեւ այդ այցի արդյունքում ՀՀ-ի եւ Գերմանիայի հարաբերությունները նոր մակարդակի վրա կբերվեն:

«Մենք պայմանավորվեցինք, որ մենք համագործակցության օրակարգ կստեղծենք եւ դրանցով կետ-կետ կգնանք առաջ: Ես նման հարաբերություններում չեմ առաջնորդվում՝ վա՛յ, մեզ գումար կտաք կամ մեզ աջակցություն կտաք... ես փորձում եմ արժանապատիվ համագործակցությու կառուցել մեր բոլոր գործընկերների հետ»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ հարաբերությունները հետագայում էլ զարգանալու են: