Սա իմ հիշողության մեջ առաջին դեպքն է, երբ նախկին Սովետական Միության հանրապետությունում նախկին նախագահը կալանավորվել է: Այս մասին «Էխո Մոսկվա»-յի եթերում հայտարարել է ռադիոկայանի գլխավոր խմբագիր, համասեփականատեր եւ հաղորդավար Ալեքսեյ Վենեդիկտովը:

Նրա խոսքով՝ Հայաստանի նախկին նախագահի ձերբակալությունը նախադեպ է. «Նախկին Սովետական Միության միջինասիական երկրներում նախկին նախագահները հասցնում էին փախչել, մասնավորապես՝ Մոսկվա: Սաակաշվիլին ձերբակալվել է, սակայն մեկ այլ երկրում՝ Ուկրաինայում: Սա իմ հիշողության մեջ առաջին դեպքն է, երբ նախկին ԽՍՀՄ հանրապետությունում դատարանի որոշմամբ կալանավերվել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հավանաբար, դա բոլորովին նյարդային պատմություն էր առաջացրել...կոպիտ ասած, նայում են ինչպես հայելու մեջ: Շատ կարեւոր է, որ Հայաստանն այս գործի հետաքննության ընթացքում, հիշեցնեմ, որ խոսքը 2008 թվականին ցույցերի գնդակահարման եւ մի քանի մարդու մահվան մասին է, մեղադրանք է առաջադրել  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ, ով այդ ժամանակ Երեւանի կայազորի հրամանատարն էր»:

Վենեդիկտովը նշել է, որ Հայաստանը սկսել է ընթացակարգը եւ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ՀԱՊԿ գործընկերներին Խաչատուրովին փոխարինող կառաջարկի: «Սակայն հետաքրքիր էր ռուսական կողմի արձագանքը. նրանց ասվել էր, որ դուք կկորցնեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Տղաներ, ինչի՞ մասին եք խոսում: Այս պաշտոնը քվոտայով անցնում է Հայաստանին եւ այլ երկրներին. Հայաստանի գործն է, թե ով է այնտեղ գլխավոր քարտուղար: Այսինքն, մենք գործ ունենք ուղիղ շանտաժի հետ: Ես գիտեմ, որ դատարանը Խաչատուրովին ազատ է արձակել երկրից չհեռանալու ստորագրոթյամբ, այսինքն, այդ ի՞նչ կազմակերպություն է, որի գլխավոր քարտուղարը չի կարող լքել երկիրը: Հայաստանը, իհարկե, կառաջարկի իր թեկնածությունը, սակայն Ռուսաստանը դրան վատ է վերաբերվում, քանի որ նախադեպը նախագահի եւ գլխավոր քարտուղարի ձերբակալությունն է, որի թեկնածությունը համաձայնեցվել է Ռուսաստանի հետ»,- նշել է Վենեդիկտովը: