Բրազիլիայում շենքերը հիմնականում պատրաստված են աղյուսից ու շաղախից, հնարավոր է՝ հենց դա է երկրի Ազգային թանգարանում հրդեհի բռնկման պատճառը։ Այսօր՝ սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը:

«Կրակի բռնկման հնարավոր պատճառները տարբեր են, բայց հիմա հետաքննություն է ընթանում՝ պատճառները պարզելու համար: Ցուցանմուշների 90 տոկոսն այրվել է, հաջողվել է պահպանել ընդամենը 10 տոկոսը»,- ցավով նշեց Բրազիլիայի դեսպանը:

Հիշեցնենք, որ Ռիո դե Ժանեյրոյում հրդեհվել է Բրազիլիայի Ազգային թանգարանը, որտեղ պահվում էին 20 մլն ցուցանմուշներ եւ 200 տարվա գիտական աշխատանքներ, ուսումնասիրություններ:

Թանգարանի շենքում հրդեհը բռնկվել էր կիրակի երեկոյան եւ շարունակվել ավելի քան 3 ժամ։

Թանգարանը հիմնադրվել էր 1818 թվականին, Պորտուգալիայի թագավոր Ժուան VI-ի կողմից: