Հայաստանի կառավարությունը որոշել է ինքն իրեն պատժել՝ տույժեր վճարելով այն արտահանողներին, որոնց ժամանակին հետ չի վերադարձրել ավելացված արժեքի հարկի գերավճարները; Միանգամից նշենք, որ սույն որոշումը սադոմազոխիզմի ոլորտից չէ, այլ թելադրված է տնտեսական գործընթացների օբյետիվ բնույթով։

Խնդիրը նոր չէ, մոտ 15 տարվա վաղեմություն ունի։ Այդ ողջ ժամանակահատվածում կառավարությունն իրեն դրսեւորել է որպես ամենաանպարտաճանաչ գործընկեր՝ արտահանողների հաշվին լուծելով ընթացիկ բյուջետային խնդիրներ։

Հիշեցնենք, որ ապրանքների արտահանումն ազատված է ավելացված արժեքի հարկից, ուստի կառավարությունը պետք է հետ վերադարձնի արտահանողներին այն գումարները, որոնք հաշվապահական ձեւակերպումներով որպես ավելացված արժեքի հարկ են ներկայացվել։ Սա առաջին հերթին վերաբերում է հանքարդյունաբերական ոլորտին, որտեղ կուտակվում են ամենամեծ գերավճարները, սակայն խնդիրն ունի համակարգային բնույթ։  Եղել են ժամանակահատվածներ, երբ գերավճարները (այսինքն՝ պետության պարտքը տնտեսվարողներին) գերազանցել են 60 մլրդ դրամը (մոտ 165 մլն դոլար)։  

Տիգրան Սարգսյանի կառավարությունն  առաջինն էր, որ խնդրին որոշեց ինչ-որ լուծում տալ։ Հնարավոր է՝ միջազգային կազմակերպությունների պահանջով, որոնք միշտ էլ Հայաստանի կառավարությունից պահանջել են թույլ չտալ գերավճարների կուտակում։ Նշենք, որ Արժույթի Միջազգային Հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Գիլերմո Տոլոսան մի առիթով «զվարճալի» որակեց Հայաստանում գերավճարների չափազանց բարձր մակարդակը։

2008 թվականից սկսած պետական բյուջեի ծախսերի կազմում նախատեսվում է գումար, որի հաշվին ֆինանսավորվում են պետական բյուջեից վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարները: Մինչեւ 2008 թվականն այս գումարները վերադարձվում էին միայն ավելացված արժեքի հարկի գծով ընթացիկ մուտքերի հաշվին՝ կատարելով հաշվանցում։ Սակայն այդ մեխանիզմը կոռուպցիոն լուրջ ռիսկեր էր պարունակում։

2010 թ. պետական բյուջեում նախատեսվել էր 18 մլրդ դրամ (մոտ 48 մլն դոլար) գումար՝ գերավճարի վերադարձման նպատակով։ Սակայն տարվա վերջում կառավարությունը ստիպված էր 8 մլրդ դրամով (մոտ 21 մլն դոլար) ավելացնել այդ գումարը, քանի որ արտահանումներն ավելացել էին մոտ 40 տոկոսով։

2011 թ. պետական բյուջեում գերավճարների վերադարձման նպատակով նախատեսվել է 20,6 մլրդ դրամ։ Այդ գումարը գերազանցելու դեպքում կգործի նախկին կարգը, այն է` գերավճարը կվերադարձվի ավելացված արժեքի հարկից ընթացիկ փաստացի մուտքերի հաշվին:

Արդեն 2009 թ. կառավարության առաջարկությամբ փոփոխություն կատարվեց «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում, որով ՝ տնտեսավարող սուբյեկտներին ավելացված արժեքի հարկի գերավճարների վերադարձն ուշացնելու դեպքում կառավարությունը նրանց վճարում է նաեւ տուգանքներ։ 2010 թ. համապատասխան փոփոխություն կատարվեց նաեւ «Հարկերի մասին» օրենքում։ Սակայն որոշման փաստացի կիրարկումը տեղափոխվեց 2011 թ։ Կառավարության առաջիկա նիստում՝ փետրվարի 10-ին, կընդունվի համապատասխան որոշում՝ գերավճարները օրենքով սահմանված ժամկետից ուշ վերադարձնելու դեպքում տույժեր հաշվարկելու մասին։ Սակայն նշենք, որ որոշումն այնքան էլ խիստ չէ՝ կառավարությունն իրեն իրավունք է վերապահել առանց տույժի 3 ամսով ուշացնել գումարի վերադարձը։ Տույժը հաշվարկվելու է Կենտրոնական բանկի կողմից սահմանվող հաշվարկային տոկոսադրույքի չափով։

Կարծում ենք՝ կառավարության սույն որոշումը բյուջեի վրա էական ծանրաբեռնվածություն չի առաջացնի։ Երեք ամիսը բավական մեծ ժամկետ է, որպեսզի կառվարությունը հասցնի մարել իր պարտավորությունները։

Սամվել Ավագյան