Եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն այս տարվա աշնանը կամ ձմռանը, ապա ՀՀԿ–ն նույնիսկ շանս չի ունենա անցնել Ազգային ժողով։ Նման տեսակետ է հայտնել քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Միաժամանակ, նրա խոսքով, եթե ընտրությունները կայանան ձմռանից հետո, ապա ՀՀԿ–ի մոտ որոշակի շանսեր կհայտնվեն ինչ–որ բան փոխելու, սակայն, տվյալ փոփոխությունները, հազիվ թե լուրջ ու կտրուկ լինեն, քանի որ ՀՀԿ–ն դրա համար չունի բավական ռեսուրսներ։

«Այլ երկրների փորձը, որոնք նման իրադարձությունների միջով են անցել եւ այն, թե ինչպես է աշխատում  ՀՀ գործադիր իշխանությունը PR–ի ոլորտում, ցույց են տալիս եւ տանում են այն գաղափարին, որ գործող իշխանությունների բարձր ժողովրդականությունը դեռ բավականին երկար կպահպանվի երկրում»,–նշել է փորձագետը։

Իսկանդարյանի կարծիքով, իրավիճակը փոխել ՀՀԿ–ն կարող է միայն ժամանակի ընթացքում, ռեբրենդինգի դեպքում եւ PR–ի փոփոխության պարագայում, սակայն դրա համար ժամանակ եւ լուրջ աշխատանք կպահանջվի։