ԱՄՆ Արդարադատության նախարարությունը  հրապարակել է Ադրբեջանի լոբբինգով զբաղվող ոչ առեւտրային կազմակերպության նախկին ղեկավար Քեմալ Օքսուզի  դեմ մեղադրանքը:

Օքսուզը մեղադրվում  է կեղծիքի սխեմայի պատրաստման, Էթիկայի կոմիտեից էական փաստեր թաքցնելու մեջ, ինչպես նաեւ Կոնգրեսին ներկայացված կեղծ հայտարարություններում, գրում է Roll Call-ը:

Քեմալ Օքսուզը կամ Քեվին  Օքսուզը Էթիկայի կոմիտե ներկայացված փաստաթղթում ստել է կոնգրեսականների Ադրբեջան ուղեւորության ֆինանսավորման վերաբերյալ: Մեղադրանքի համաձայն, Օքսուզը չի նշել, որ իր «Turquoise Council of Americans and Eurasions» կազմակերպությունը Ադրբեջանի պետական նավթային ընկերությունից (SOCAR) ֆինանսավորում է ստացել:

2015-ին Կոնգրեսի Էթիկայի կոմիտեն որոշել է, որ «ապացույցներ չեն եղել այն մասին, որ 10 կոնգրեսականները եւ նրանց 30-ից ավել օգնականները 2013-ին կազմակերպված ուղեւորության ժամանակ գիտակցաբար խախտել են Կոնգրեսի կաննոները:

Կանոնների համաձայն, ոչ հասարակական կազմակերպությունները պետք է նշեն ֆինանսավորման աղբյուրները, ինչը չի արել Օքսուզը:

Արդարադատության նախարարության հայտարարության մեջ նշված է, որ Օքսուզի կալանքի մասին կարգադրագիրը տրվել է այս տարվա սկզբին: Վերջերս Օքսուզը ձերբակալվել էր Հայաստանի իշխանությունների կողմից:

Հիշեցնենք, որ Օքսուզը ձերբակալվել էր անցյալ ամիս: Ինչպես տեղեկացրել էր ոստիկանության մամուլի ծառայությունը, Թուրքիայի քաղաքացին բնակություն էր հաստատել Հայաստանում եւ հիմնել ՍՊԸ: