Կառավարությունը որոշել է չկատարել իր խոստումը եւ ֆինանսական օգնություն չհատկացնել Նոր Հաճն քաղաքի «Օջախ-6» անավարտ կոոպերատիվ բնակելի շենքերի պոտենցիալ բնակիչներին, թեեւ նման խոստում տվել էր դեռեւս 2010 թվականին:
Այսօր՝ փետրվարի 9-ին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բարձրացրել է այս խնդիրը եւ հետաքրքրվել, թե երբ կարող են շահառուները ստանալ այդ գումարները:
Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը պատասխանել է, որ այդ գումարները 2009-2010 թթ ծանր պայմանների պատճառով կրճատվել են: 2011թ. բյուջեում նույնպես նախատեսված չէ այդ օգնությունը:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ առաջարկել է Զ. Փոստանջյանին համագործակցել 2012թ. բյուջեի հաստատման քննարկումների ժամանակ այդ հատկացումներն ամրագրելու համար:
Բանավոր հարցի տեսքով պատգամավորն անդրադարձավ նաեւ Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացված բացօթյա առեւտրի արգելման լայնամասշտաբ ծրագրին, որն առաջացրել է բացօթյա առեւտրով զբաղվող շուրջ 15 հազար քաղաքացիների ընդվզումը, քաղաքացիներ, որ զրկված են աշխատանքից եւ հանապազօրյա հացից, գտնվում են սոցիալապես խիստ անապահով վիճակում, երբ ՀՀ պետությունը հռչակված է որպես սոցիալական պետություն, որտեղ քաղաքացու արժանապատվությունը գերագույն արժեք է: Պատգամավորը հետաքրքրվել է, թե 5 տարի չգործած օրենքի կիրարկումը ինչո՞ւ է հրատապ դարձել այսօր, երբ երկրի քաղաքացիները մի կերպ գոյատեւում են ծանր սոցիալական պայմաններում:




























