Ամերիկյան The Washington Post թերթի տեսաբան Ջամալ Հաշքաջին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարան այցելելուց հետո անհետացել է, հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Habertürk հեռուստաալիքին:
Սաուդյան ծագումով լրագրողը, որը հայտնի է Էր Ռիադի ներկայիս քաղաքականության հասցեին քննադատությամբ, 2017-ին լքել է հայրենիքը եւ բնակություն հաստատել ԱՄՆ-ում: Հոկտեմբերի 2-ին Ստամբուլում նա դիվանագիտական ներկայացուցչություն էր գնացել փաստաթղթերի ձեւակերման համար, ընդ որում նրան հեռախոսով այցելու մասին ասել էին անձամբ հյուպատոսարանի աշխատակիցները: Նա գնացել էր իր հարսնացուի ուղեկցությամբ, որին սակայն ներս չէին թողել:
Նրա խոսքով, ինչպես հաղորդում է Habertürk-ը, Հաշքաջին պետք է փաստաթղթերը վերցներ եւ դուրս գար շենքից: Ընդ որում նա զգուշացրել էր, որ ֆորս մաժորի դեպքում պետք է զանգահարել Թուրքիայում իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության խորհրդական Յասին Ակտայուին եւ տեղական թուրք-արաբական լրագրողական հասարակություն: Ընդ որում 5 ժամ անց հյուպատորսարանում լրագրողի հարսնացուին ասել են, որ արդեն գնացել է:
Twitter-ում Հաշքաջիի վերջին ակտիվությունը եղել է հոկտեմբերի 1-ի ցերեկը, թեեւ նա սովորաբար բավական ակտիվ է եւ օրական մի քանի գրառում հրապարակում:
Հաշքաջին մշտական հիմունքով The Washington Post-ի համար հոդվածներ է գրում, որտեղ վերլուծում է Սաուդյան Արաբիայում իրավիճակը եւ երկրի արտաքին քաղաքականությունը՝ չլռելով իշխանությունների գործունեության խնդրահարույց կողմերի մասին:
Ավելի վաղ նա որոշ ժամանակ սաուդյան Al-Watan թերթի գլխավոր խմբագիրն էր, ինչպես նաեւ ղեկավարում էր Բահրեյնում գտնվող եւ սաուդյան գործարարներից մեկին պատկանող Al-Arab հեռուստաալիքը, որը մի քանի օր չաշխատելով, հավանաբար քաղաքական դրդապատճառներով փակվել էր:




























