Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունը ստուգում է թագավորության հպատակի, The Washington Post թերթի տեսաբան Ջամալ Հաշքաջիի անհետացման մասին տեղեկությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Սաուդյան մամուլի գործակալությանը:
«Ստամբուլում թագավոորության գլխավոր հյուպատոսարանը հաղորդել է, որ ստուգում է Ջամալ Հաշքաջիի անհետացման մասին լուրն այն բանից հետո, երբ նա լքել է հյուպատոսարանի շենքը եւ հաստատել է, որ գործընթացներ է իրականացնում եւ համագործակցում է թուրքական իշխանությունների հետ նրա անհետացման հանգամանքները պարզելու համար», - նշվում է հաղորդագրությունում:
Habertürk հեռուստաալիքի տվյալներով Ստամբուլում Հաշքաջին հոկտեմբերի 2-ին դիվանագիտական ներկայացուցչություն էր գնացել փաստաթղթերի ձեւակերման համար, ընդ որում նրան հեռախոսով այցելելու մասին ասել էին անձամբ հյուպատոսարանի աշխատակիցները: Նա գնացել էր իր հարսնացուի ուղեկցությամբ, որին սակայն ներս չէին թողել, իսկ 5 ժամ անց հաղորդել էին, որ նա գնացել է: Ավելի ուշ նա հայտնել էր, որ չի վստահում այդ տեղեկությանը եւ չգիտի, թե որտեղ է Հաշքաջին:
Չորեքշաբթի Reuters-ը, հղում անելով Սաուդյան պաշտոնյային, տեղեկացրել էր, որ Հաշքաջին այցելել էր դիվանագիտական առաքելություն որոշ փաստաթղթեր ստանալու համար, որոնք կապված են իր ընտանեկան կարգավիճակի հետ, սակայն հետո հեռացել է հյուպատոսարանի շենքից:
Ավելի ուշ, Reuters-ը վկայակոչելով Թուրքիայի նախագահի ներկայացուցչին, հաղորդել էր, որ Հաշքաջին գտնվում է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանի շենքում:
Թուրքական իշխանությունները, ըստ ներկայացուցչի, շփվում են Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների հետ այս հարցով եւ հավատում են իրավիճակի արագ հանգուցալուծմանը:
Սաուդյան ծագումով լրագրողը, որը հայտնի է Էր Ռիադի ներկայիս քաղաքականության հասցեին քննադատությամբ, 2017-ին լքել է հայրենիքը եւ բնակություն հաստատել ԱՄՆ-ում:
Twitter-ում Հաշքաջիի վերջին ակտիվությունը եղել է հոկտեմբերի 1-ի ցերեկը, թեեւ նա սովորաբար բավական ակտիվ է եւ օրական մի քանի գրառում հրապարակում:
Հաշքաջին մշտական հիմունքով The Washington Post-ի համար հոդվածներ է գրում, որտեղ վերլուծում է Սաուդյան Արաբիայում իրավիճակը եւ երկրի արտաքին քաղաքականությունը՝ չլռելով իշխանությունների գործունեության խնդրահարույց կողմերի մասին: Ավելի վաղ նա որոշ ժամանակ սաուդյան Al-Watan թերթի գլխավոր խմբագիրն էր, ինչպես նաեւ ղեկավարում էր Բահրեյնում գտնվող եւ սաուդյան գործարարներից մեկին պատկանող Al-Arab հեռուստաալիքը, որը մի քանի օր չաշխատելով, հավանաբար քաղաքական դրդապատճառներով փակվել էր:




























