Լատվիան 13-րդ Սեյմ է ընտրել: Ընտրական տեղամասերի 99 տոկոսի արդյունքների մշակումից հետո հաղթել է «Համաձայնություն» կուսակցությունը՝ ստանալով ձայների 19,91 տոկոսը: Հաջորդում են KPV LV-ն (14,06 տոկոս), Նոր պահպանողական կուսակցությունը (13,6 տոկոս), «Հանուն զարգացման/Կողմ»-ը (12,04 տոկոս), Ազգային միավորումը (11,03 տոկոս), «Կանաչների» եւ գյուղացիների միությունը (9,96 տոկոս) եւ Նոր միասնությունը (6,67 տոկոս): Մնացյալ կուսակցությունները 5 տոկոսի շեմը չեն հաղթահարել, հայտնում է Delfi պորտալը: 

Խոշոր քաղաքներում եւս «Համաձայնություն» կուսակցությունն է հաղթել: Ռիգայում կուսակցության օգտին է քվեարկել ընտրողների 33 տոկոսը:

Ընտրություններին մասնակցությունը հազիվ է անցել 54 տոկոսից: Սա նվազագույնը 4 տոկոսային կետով քիչ է, քան նախորդ՝ 12-րդ Սեյմի ընտրություններում: Ճիշտ է, արտասահմանում այն, հակառակը, գերազանցել է բոլոր ռեկորդները՝ այնպես, որ ստիպված էին լրացուցիչ քվեթերթեր տպագրել:

Ինչպես նշում է ՌԲԿ-ն, «Համաձայնություն» կուսակցության աշխատանքի ուղղություններից մեկն է երկրի ռուսախոս փոքրամասնության շահերի պաշտպանությունը: Կուսակցության առաջնորդ, Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը բազմիցս է հանդես եկել ռուսերենի պաշտպանությամբ: Այսպես՝ ապրիլին նա խոստացել էր Սահմանադրական դատարանում բողոքարկել ազգային փոքրամասնությունների դպրոցների փոխանցումը լատիշերենի: Լատվիայի Պետական լեզվի կենտրոնը Ուշակովին տուգանել էր համացանցում ռուսերենն օգտագործելու համար՝ հաշվի առնելով համայնքային իշխանության ներկայացուցչի իր կարգավիճակը: Նա տուգանվել էր սահմանված առավելագույն գումարով՝ 140 եվրոյով: