ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն Փհենյանի կողմից միջուկային զենքից հրաժարվելու հարցում առաջընթացի հասնելու մասին է հայտարարել: Այս մասին Պոմպեոն հայտնել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ բանակցություններից հետո:
AP-ն հաղորդում է, որ բանակցություններն ավարտելով Պոմպեոն ժամանել է Սեուլ: Նա նշել է, որ «լավ բանակցություններ» է անցկացրել Կիմ Չեն Ընի հետ եւ ԱՄՆ-ն «շարունակելու է Սինգապուրում երկու երկրների մասնակցությամբ կայացած գագաթաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ» առաջընթաց արձանագրել:
Պոմպեոն չի ներկայացրել բանակցությունների մանրամասները: Հարավային Կորեայում վայրէջք կատարելուց հետո նա Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին եւ աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին տեղեկացրել է այցի մասին:
Պոմպեոյի եւ Կիմ Չեն Ընի հանդիպումը տեւել է մոտ 3,5 ժամ:
Պոմպեոյին ուղեկցող ամերիկացի պաշտոնյան ասել է, որ կիրակի օրվա հանդիպումը «ավելի լավ է անցել, քան նախորդ անգամ», սակայն ավելացրել, որ «դա երկար ճանապարհ կլինի»:




























