Սեպտեմբերի 19-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, այլ պաշտոնատար անձանց եւ բիզնես-էլիտայի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայ Բիզնես Բանկի վերանորոգված գլխամասային գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը։
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է բանկի կառավարման խորհրդի նախագահ Արա Կիրակոսյանը, բանկն ակտիվ տեմպերով զարգանում է։ Բանկը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքով 18 տարվա ընթացքում բացել է 20 գրասենյակ։ Տարին սկսելով 42.192 մլրդ դրամ ակտիվներով՝ բանկը կարողացել է ընթացիկ ամիսների ընթացքում այդ ցուցանիշը հասցնել մինչեւ 89.824 մլրդ դրամի։ Իսկ ABB-ի հիմնադիր կապիտալն ավելացել է 9 մլրդ դրամով՝ կազմելով 16 մլրդ դրամ։ Բանկի կրեդիտային հիմնադրամը կազմում է 35 մլրդ դրամ, իսկ մինչեւ տարեվերջ այդ գումարը կհասնի 45 մլրդ դրամի։
Նշենք, որ բանկի գլխամասային գրասենյակը գտնվում է Երեւանի ամենահին շինություններից մեկում՝ Նալբանդյան փողոցի վրա։ Շինությունը կառուցվել է 1899 թ.-ին՝ ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով։ Դեռեւս առաջին հանրապետության տարիներին շինությունում տեղկայված էր գլխավոր գանձատունը՝ Ֆինանսների նախարարությունը։ Իսկ խորհրդային շրջանում այդ շինությունում տեղակայված էր Պարենամթերքի նախարարությունը։ Հայաստանի անկախացումից հետո այստեղ է գտնվել նաեւ Գյուղատնտեսության նախարարությունը։




























