Արարատի մարզի Վազգեն Սարգսյանի անվան զորամասի նախկին հրամանատար Գրիշա Խաչատուրովն «սարքված»  է որակում նույն զորամասի գումարտակի հրամանատար, «Ռոժ» մականունով հայտնի Վարդան Մարտիրոսյանին եւ գնդի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Արթուր Կարապետյանին առաջադրված մեղադրանքները:

Վարդան Մարտիրոսյանը, ըստ մեղադրանքի, ստիպել էր զինծառայողներին իրենց անուններով վարկեր վերցնել, սակայն զինվորները չէին կարողացել դրանք վերադարձնել: Իրականությունը պարզվել էր, եւ գումարներ հավաքող հրամատարը ձերբակալվել էր: Իսկ Արթուր Կարապետյանը զինվորներից շորթել էր մոտ 1 միլիոն դրամ` հրամանատարի համար համակարգիչ գնելու նպատակով: Անցած տարվա վերջին երկու սպաների նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճվեցին:

«Սարքված է, տենց գործ չի եղել, եւ կարճել են նրա համար, որ գործ չկա»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Գրիշա Խաչատուրովը` Հայաստանի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին:

Դիտարկմանը, որ Վարդան Մարտիրոսյանի նկատամամբ հարուցված քրեական գործը կարճվել էր «գործուն զղջման» հիմքով, Խաչատուրովը պատասխանել է, թե նա քննչական մարմնի հետ համաձայնության է եկել, որովհետեւ «Մարտիրոսյանին սպառնացել են Ռազմական ակադեմիայից դուրս թողնել», սակայն չի նշել, թե ով է «սարքում այդ գործը»: «Գնացեք մտեք Մարտիրոսյան Վարդանի տուն, կհասկանաք, թե ինչո՞ւ դատի չի տալիս: Տունը սովորական կահույք չկա, որ նստեն իրա էրեխեքը»,- ասել է գերենալի որդին: Վերջինս, ի դեպ, այժմ չի ծառայում Զինված ուժերում: Նա ասել է, որ երբ Վազգեն Սարգսյանի անվան զորամասում ի հայտ եկան սպաների կողմից պաշտոնեկան լիազորությունները չարաշահելու դեպքերը, ինքը արդեն զորամասի հրամանատարը չէր, սակայն չի հերքել, որ «Ռոժ» մականունով Վարդան Մարտիրոսյանն իր մանկության ընկերն է: Նա միայն հերքել է, թե ազդեցություն է ունեցել Մարտիոսյանի գործը կարճելու մեջ:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից:

Միեւնույն ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նույն զորամասի լեյտենանտներից, այժմ այլ մեղադրանքով կալանքի տակ գտնվող Նարեկ Այվազյանի մայրը` Աիդա Այվազյանը տեղեկացրել է, որ իր որդուն եւս Արթուր Կարապետյանը ստիպել է բանկից վարկ վերցնել` 500 հազար դրամի չափով եւ տալ իրեն: Որդին հրաժարվել է ու նաեւ այդ մերժումն է դարձել Նարեկին հետապնդելու պատճառը: