ԱՄՆ միջանկյալ ընտրություններում քվեարկությունը սկսվել է երկրի հյուսիս-արեւելքում: Առաջին ընտրական տեղամասերը բացվել են տեղական ժամանակով 05:00-ին Վերմոնթ նահանգում, Նյու Յորքում քվեարկությունը կսկսվի մեկ ժամ ուշ, այն կավարտվի ընտրական տեղամասերի փակմամբ Հավայի նահանգում  տեղական ժամանակով 18:00-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

NBC-ի տեղեկություններով՝ վաղաժամ քվեարկել է արդեն ավելի քան 30 մլն ամերիկացի, իսկ քվեարկությանն ընդհանուր կարող են մասնակցել ռեկորդային մեծ թվով ընտրողներ՝ ավելի քան 100 մլն, այսինքն՝ այնքան, որքան 1986 եւ 2000 թվականների նախագահական ընտրություններում:

Ներկայիս ընտրությունների գլխավոր ինտրիգն այն է, թե ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությանն արդյոք կհաջողվի՞ հանրապետականներից խլել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում վերահսկողությունը: Հիմա հանրապետականների եւ դեմոկրատների հարաբերակցությունը կազմում է 236 ընդդեմ 193-ի, եւս 6 տեղ թափուր է: Ներկայացուցիչների պալատում վերահսկողություն ստանալու համար, դեմոկրատները պետք է նվաճեն եւս նվազագույնը 23 մանդատ:

Վերջին հարցումների արդյունքներով, որոնք ներկայացվել են Real Clear Politics պորտալում, դեմոկրատները կարող են հաջողության հույս ունենալ 202 ընտրատարածքներում, հանրապետականները՝ 194: Մնացյալ 39 ընտրատարածքներում փորձագետները չեն փորձում ընտրությունների ելքի կանխատեսումներ կատարել: