Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այսօրվա՝ փետրվարի 15-ի նիստում ներկայացվել է հիմնադրամի 2010թ. գործունեության հաշվետվությունը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը նշել է, որ 2010թ. ընթացքում շինարարական աշխատանքներն ավարտվել են 56 ծրագրերում` մոտ 3 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով, դրանց շահառուների թիվը 537 հազար մարդ է, մեկ շահառուին ընկնող միջին արժեքը` 5491 դրամ։ 2010թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ` ՀՍՆՀ-ի 3-րդ Ծրագրի ավարտված ենթածրագրերի թիվը 197 է` շուրջ 10.2 միլիարդ դրամ արժեքով, ընդ որում դրանց 44 տոկոսը հանրակրթական եւ մասնագիտական դպրոցներին առնչվող ծրագրեր են:
2010թ. ընթացքում դպրոցական կահույքի մատակարարման համար կնքվել է 5 պայմանագիր, եւ արդյունքում 60 դպրոցների հատկացվել է 9056 միավոր դպրոցական կահույք։ Մեկ այլ պայմանագրով հիմնադրամի ծրագրերում ընդգրկված 10 գյուղերի մշակույթի տների/համայնքի կենտրոնների դահլիճների կահավորման համար հատկացվել են 2388 փափուկ աթոռներ։
Տեղեկացվել է, որ հաշվետու ժամանակահատվածում հիմնադրամի ֆինանսավորմամբ կազմակերպվել են դասընթացներ, որոնց ընթացքում ՀՀ բոլոր մարզերի 105 համայնքների 515 ներկայացուցիչներ, այդ թվում` համայնքապետեր եւ ֆինանսական պատասխանատուներ վերապատրաստվել են ֆինանսական կառավարման, բյուջեի կազմման, հարկային եւ գույքային կառավարման ոլորտներում։
Մասնավորապես, 2010թ. ընթացքում 55 ծրագրերի իրականացման համար համայնքները ներդրել են 164.4 մլն դրամ, ընդ որում` այդ գումարի 52 տոկոսն անհատույց նվիրաբերել են միջազգային կազմակերպություններն ու սփյուռքահայ բարերարները։ Նշվել է, որ հայաստանյան գործարարների անունից կատարված դրամական ներդրումները կազմել են 16.4 մլն դրամ։
Աշոտ Կիրակոսյանի հաղորդմամբ, 2010թ. մարտի 5-ին Հայաստանի Հանրապետության եւ Համաշխարհային բանկի միջեւ ստորագրվել է վարկային համաձայնագիր, ըստ որի Սոցիալական ներդրումների հիմնադրամի Ծրագրին հատկացվել է երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում` 7 մլն ԱՄՆ դոլար գումարով, որի գերակշիռ մասն ուղղվել է Երեւանից դուրս գտնվող տնտեսական ու սոցիալական մի շարք ցուցանիշների հիման վրա ըստ կարիքավորման աստիճանի խմբավորված առավել խոցելի համայնքներին։
Խորհուրդն ի գիտություն է ընդունել հիմնադրամի գործադիր տնօրենի զեկույցը հիմնադրամի 2010թ. գործունեության վերաբերյալ:





























