Ժողովրդական կուսակցության նախագահ  Տիգրան Կարապետյանը վերջին անգամ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպել է մեկ տարի առաջ: Այս մասին Կարապետյանը հայտարարեց փետրվարի 15-ին լրագրողների հետ զրույցում` արձագանքելով մամուլի այն հրապարակումներին, ըստ որոնց ինքն ակտիվորեն շփվում է Գագիկ Ծառուկյանի հետ: «Մեր միջեւ որեւէ կապ չկա»,-հայտարարեց Տիգրան Կարապետյանը:

Նա նաեւ նշեց, որ իր դեմ մի քանի ընդդիմադիր թերթեր արշավ են սկսել:  «Իրանք վաղը կարող ա ասեն, որ ես Մաո Ցզե Դունի հետ եմ հանդիպել էն աշխարհում: Եթե սկսել են արշավ, ուրեմն վախենում են»,-նշեց նա:  

«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողը, դիմելով  Տիգրան Կարապետյանին` հարցրեց, թե արդյո՞ք վերջինս պաշտոնական հանդիպում ունեցել է ՀԱԿ-ի որեւէ ներկայացուցչի հետ եւ քննարկել ՀԱԿ-ին միանալու հարցը, ինչի մասին Կարապետիչը հայտարարեց Մատենադարանի մոտ տեղի ունեցած համաժողովի ժամանակ: «Այ դուք եք գրում, ձեր թերթն ա գրում», – բորբոքված տոնով պատասխանեց  Կարապետյանը:

«Մենք ի՞նչ ենք գրում, որ դուք միանաք մե՞զ (օրաթերթին)»,- տարակուսեց լրագրողը:

«Հա, բա չէ, բաբոյիդ միանամ: Գիտեք ինչ, դուք մի նմանվեք բուլվարային թերթերին, որոնք ամեն տեսակ հերյուրանք են գրում, գրում են` գող, ավազակ: Գող եք դուք, Լեւոն Տեր-Պետրոսյանն ա գող, որ սաղ թալանեց, 1500 հատ գործարան փակեցին: Լեւոն Տեր-Պետրոսյանն իմ դեմ է պայքարում, ես պայքարում եմ Սերժ Սարգսյանի ու ողջ իշխանության դեմ»,–հայտարարեց  Կարապետյանը:

Նա նաեւ հավելեց, թե  ՀԱԿ-ին ընդունում է, բայց չի ընդունում ՀՀՇ-ին, իսկ Նիկոլ Փաշինյանի մասին լավ կարծիքի է` նրան համակրում է: «Դուք հենց նոր վիրավորեցիք Նիկոլ Փաշինյանի լրագրողին, ու դա համարում եք Նիկոլ Փաշինյանի հանդեպ համակրանք», – Կարապետյանին կրկին հարց ուղղեց ՀԺ-ի լրագրողը: «Բայց ես ինչ վիրավորեցի որ, բաբոն վա՞տ բան ա, դու բաբո չունես, Աստված տա ունենաս»,-իր միտքը հստակեցրեց  Կարապետյանը: