Աթենքից Մոսկվա էքստրադիցիայի է ենթարկվել «օրենքով գող» Նոդարի Ասոյանը, ով Ռուսաստանում մեղադրվում է մի շարք հանցագործությունների մեջ, հաղորդում է ՌԴ ՆԳՆ-ին կից գործող «Ինտերպոլի» ազգային բյուրոն:

Հետաքննության վարկածով, 37-ամյա Ասոյանը 2002-2006 թվականներին եղել է հանցագործ խմբավորման անդամ, որը Դոնի Ռոստովում կատարել է գողություններ, մասնակցել ավազակային հարձակումների:

Ասոյանը միջազգային հետախուզման մեջ է 2008-ի օգոստոսից՝ Ռոստովի ՆԳ գլխավոր վարչության նախաձեռնությամբ: Դրանից երկու ամիս անց «օրենքով գողը» ձերբակալվել է Հունաստանի տարածքում:

Հետաքննությունը մեղադրում է Ասոյանին սպանության, առողջությանը վնաս հասցնելու սպառնալիքի, ավազակության եւ գողության մեջ: Հոդվածներից մեկով, նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում:

Ասոյանին Ռոստովի քննիչները կկարողանան հարցաքննել արդեն վաղն առավոտյան: