Թուրքական Anadolu լրտվական գործակալությունը ներկայացնում է ոչ պաշտոնական տվյալներ, ըստ որի՝ Թուրքիան Հայաստանի հետ ունի տարեկան 200 միլիոն դոլարի առեւտրաշրջանառություն։ Դրանք հիմնականում իրականացվում են Վրաստանի տարածքով։ Իսկ Հայաստանից Թուրքիա է արտահանվում տարեկան 4-5 միլիոն դոլարի մետաղի ջարդոն։ Մինչ 1993 թվականին Թուրքիա-Հայաստան սահմանի փակվելը Հայաստանի հետ արտաքին առեւտուրը կազմել է Թուրքիայի ընդհանուր արտաքին առեւտրի մեկ տոկոսը՝ կազմելով 4 միլիոն 148 հազար դոլար։
Թուրք-հայկական գործարար համաժողովի թուրք համանախագահ Քաան Սոյաքը «Անադոլու» գործակալության թղթակցի հետ հարցազրույցում նշել է, որ Հայաստան-Թուրքիա առեւտրաշրջանառությունը կազմում է տարեկան մոտ 200 միլիոն ԱՄՆ դոլար։ Սոյաքը նշում է, որ Իրանից Հայաստան եկող ապրանքների ցածր որակի պատճառով հայերը նախընտրում են հիմնականում թուրքական ապրանքները։ Ըստ Քաան Սոյաքի, "Նախկինում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կատարվող առեւտուրը իրականացնում էին վրացի եւ իրանցի միջնորդները։ Վաճառող եւ գնորդ հայերը եւ թուրքերը միմյանց չէին ճանաչում։ Մեր կազմակերպության առաջին նպատակն էր, որ երկու երկրների վաճառողներին եւ գնորդներին ուղիղ կապի մեջ տեսնենք։ Օրինակ, հայերը Թուրքիայից բաժակ էին արտահանում։ Հայաստանից գնորդը գալիս էր բաժակը պատվիրում էր, իսկ այնուհետ գնում Վրաստան եւ վրացական ընկերությունից ստանում։ Այսինքն վրացական միջնորդ ընկերությունը երկուսի միջեւ գումարներ էր աշխատում։ Սոյաքը նշում է, որ Հայաստանի հետ սահմանը բացելով՝ Թուրքիան սկզբնական շրջանում դեպի Հայաստան տարեկան 400 միլիոն դոլարի ապրանք կարտահանի։




























