Մենք աշխատավարձը ոչ թե հին ձեւով ենք բարձրացնում, այլ նոր ձեւով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ապարանում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Մենք փորձում ենք խրախուսել, որ քաղաքացին այդ գումարը իր աշխատանքի արդյունքում վաստակի, ոչ թե ասի՝ վարչապետը տվեց, օլիգարխտ տվեց, մեծահարուստը տվեց, մենք չենք ուզում, որ մեր քաղաքացին ծուռ վզով նայի մեծահարուստներին, մենք ուզում ենք, որ մեր քաղաքացին աշխատի, ինքը հարստանա ու հարստացնի, սա է մեր քաղաքականությունը»,-նշեց նա»
Փաշինյանը նկատում է՝ աշխատավարձը բարձրացնում են, երբ անհատ տաքսու վարորդին ազատում են արտոնագրային վճարից․ «Մեզ ասում են, թե աշխատավարձը չեք բարձրացնում, բայց ո՞նց չենք բարձրացնում, բա անհատ տաքսու վարորդի աշխատավարձը ամիսը 8 հազար դրամով ավելացնում ենք»։
Նա հիշեցրեց՝ 85 հազար մարդու նպաստ ու թոշակ 2019 թվականի հունվարի 1-ից բարձրացվելու է․ «Ամոթ ա, որ մեր երկրում սովահար մարդ լինի։ Մենք ասում ենք, որ մտակա 5 տարում ծայրահեղ աղքատությունը պետք է դուրս գա մեր միջից»։





























