Չի կարելի փորձել իմիտացիա ստեղծել, որ «Մենք» դաշինքը դեմ է հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Գավառում ընթացող քարոզարշավի ժամանակ նշել է «Մենք» դաշինքի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

Նա նշեց, որ «Մենք»-ը հայ-ռուսական հարաբերություններում կարեւորում է Հայաստանի իրավատեր եւ պահանջատեր լինելու հանգամանքը. «Մենք մյուսների նման չենք կռանում եւ չենք ծամծմում մեր մոտեցումներում: Մենք ասում ենք, որ հայ-ռուսական հարաբերություններում իրավահավասար, ՀՀ քաղաքացու շահը պաշտպանող դիրքորոշում պետք է ունենալ, որտեղ իրավատերը քաղաքացին է»:

Հարցին, թե կարողացե՞լ են համոզել ընտրողին, որ ԵՏՄ-ն անարդունավետ կառույց է, Քոքոբելյանը պատասխանեց. «Իրենք նաեւ ասացին, որ խնդիրներ շատ կան՝ սկսած իրենց իրավունքներից, աշխատանքի իրավունքից, վերջցրած Ռուսաստանում ոստիկանների կողմից անհարկի վերաբերմունքից: Հայաստանը պարտավոր է իր քաղաքացուն տեր կանգնի»:

Անդրադառնալով «Մենք» դաշինքի շանսերին, Քոքոբելյանն ասաց, որ իրենք են գործող իշխանության միակ գաղափարական ընդդիմախոսը եւ ընդդիմություն. «Մենք մերժում ենք ՀՀԿ-ին եւ ընդդիմություն ենք այսօրվա իշխանությանը: Ի տարբերություն  մյուս քաղաքական ուժերի՝ մենք բարձրաձայնում ենք այնպիսի կարեւոր խնդիրներ, ինչպիսին է, օրինակ, գազի գնի 30 տոկոս իջեցումը: Ինչու մյուս ուժերն այդ մասին չեն խոսում, որովհետեւ կաշկանդված են Ռուսաստանի հետ, նաեւ այսօրվա իշխանությունների հետ հարաբերություններով, կաշկանդված են նախկին հանցագործ իշխանության մեջ թաթախված լինելով»,- ընդգծեց Խաչատուր Քոքոբելյանը: