Երիտասարդների արագահաս բարեխոս սուրբ Սարգսի առթիվ փետրվարի 19-ին մի շարք միջոցառումներ են նախատեսված: Նախ առավոտյան ժամը 11-ին կմատուցվի Պատարագ եւ երիտասարդների օրհնության կարգ Ս. Սարգիս անունը կրող եկեղեցիներում: Այնուհետեւ ժամը 13.00-ին Նկարիչների միության տանը եւ Ժող. Արվեստի թանգարանում տեղի կունենան ցուցահանդեսների բացում՝ բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ,.
15.30-ին Մեծ տոնախմբություն է նախատեսված «Սիրահարների զբոսայգում», որտեղ ելույթ կունենան Արամեն, Արման Հովհաննիսյանը, Թաթա Սիմոնյանը, Սարգիս Մանուկյանը, Աննա Խաչատրյանը, Ռուզան Ավետիքյանը, «Սասուն» ազգագրական համույթը, Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» եւ «Արարատ» համախմբերը, Ասոն, Արսեն Սաֆարյանը: Այգում կլինի նաեւ ձիավոր` նվերներով եւ այլ անակնկալներ: Մուտքն ազատ է:
Ս. Սարգսի տոնախմբությունն իրականանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Նշենք, որ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր, որն այս տարի նշվում է փետրվարի 19-ին:
Ս. Սարգիս զորավարն իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը սրբի մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան), ուր հետագայում կառուցվում է երանելու անունը կրող եկեղեցի:
Ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի ուսումնասիրությունների համաձայն` Սուրբ Սարգիսը հովանավորել է Սասունցի Դավթին եւ Սասնա բոլոր հերոսներին ոչ միայն ռազմի դաշտում, այլեւ սիրո հարցերում:
Ս. Սարգիս Զորավարի տոնը նշում են ոչ միայն եկեղեցական ծեսով, այլեւ ժողովրդական սովորույթներով:
Ս. Սարգսի տոնին հիմնականում նախորդում է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված հնգօրյա Առաջավորաց պահքը (այս տարի փետրվարի 14-18-ը):



























