ԱՄՆ պաշտպանության նախարար, ծովային հետեւակի պահեստազորի գեներալ Ջիմ Մեթիսը փետրվարի վերջին իր պաշտոնին հրաժեշտ կտա: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

«Ջիմի աշխատելու շրջանում ձեռք է բերվել վիթխարի առաջընթաց, հատկապես նոր սպառազինությունների գնման ոլորտում… Գեներալ Մեթիսն ինձ մեծ օգնություն է ցույց տվել մեր դաշնակիցների եւ այլ երկրների հետ աշխատանքում…»,- նշել է Թրամփը: Նա հավելել է, որ շուտով կհայտնի Պենտագոնի նոր ղեկավարի անունը, եւ գեներալ Մեթիսին եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել իր ծառայության համար:

Մեթիսի հրաժարականն անսպասելի չէր. նրա հեռանալու մասին սկսել էին խոսել անցած չորեքշաբթի, երբ Թրամփը հայտարարել էր Սիրիայից ամերիկացի զինվորականներին դուրս բերելու մասին: Նա այդ հայտարարությունն արել էր, չնայած Պենտագոնի ղեկավարների եւ դաշնակից երկրների բազմաթիվ առարկություններին:

Համացանցում Թրամփի ելույթից անմիջապես հետո Ջիմ Մեթիսը հրապարակել է հեռանալու մասին պաշտոնական հայտարարություն: Նա իր նամակում հույս է հայտնել, որ երկրի պաշտպանության նախարաի պաշտոնում կնշանակվի մարդ, որն ամբողջությամբ համաձայն է երկրի պաշտպանական քաղաքականության վերաբերյալ նախագահի հայացքներին:

Մեթիսի հնարավոր հրաժարականի մասին լուրերն առաջին անգամ հայտնվել են հոկտեմբերին, երբ CBS-ի հետ հարցազրույցում Թրամփը հայտարարել էր, որ Պենտագոնի ղեկավարը «մի փոքր դեմոկրատ» է եւ նշել էր, որ Մեթիսը, հնարավոր է, շուտով իր պաշտոնից հեռանա: