Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը համատեղ շնորհավորական նամակ են հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Ձերդ գերազանցություն,
Ցանկանում ենք շնորհավորել ս.թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ձեր քաղաքական դաշինքի հաղթանակի կապակցությամբ: Ընտրություններն անցկացվեցին հիմնարար ազատությունների հարգանքի պայմաններում եւ վայելում են հանրային լայն վստահություն:
Դուք Հայաստանի քաղաքացիներից ստացել եք բարեփոխումներ կատարելու ուժեղ մանդատ: Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Ձեզ բարեփոխումների օրակարգի իրականցման գործում:
ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագիրը, որը պայմանականորեն կիրառվում է 2018թ. հուլիսի 1-ից, ամուր շրջանակ է ապահովում մեր համագործակցության համար եւ հավակնոտ ծրագիր՝ բարեփոխումների համար:
Համաձայնագիրը նաեւ աջակցություն կտրամադրի դիմակայուն սոցիալ-տնտեսական համակարգ ունենալուն, որն անհրաժեշտ է Հայաստանի բարեկեցության կառուցման համար:
Ի բարօրություն Հայաստանի բոլոր քաղաքացիների՝ ակնկալում ենք համատեղ աշխատել համաձայնագրի իրականացման ուղղությամբ: Ավելի լայն, տարածաշրջանային համատեքստում, հուսով ենք, որ Հայաստանը կշարունակի համագործակցությունը Արեւելյան գործընկերության շրջանակներում, որը 2019թ. կնշի իր գործունեության տասնամյակը: Լիահույս ենք նաեւ, որ նոր թափով կշարունակեք ջանքերը տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատման ուղղությամբ:
Մաղթում ենք Ձեզ հաջողություն Հայաստանն առաջնորդելու գործում»:





























