Հայաստանի Զինված ուժերում 2010 թվականին տեղի ունեցած սպանության դեպքերի մեծամասնությունը կանոնադրական հարաբերությունների խախտման հետեւանք են:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` ներկայացնելով բանակում մահացությունների վերաբերյալ իր ղեկավարած գրասենյակի վիճակագրությունը: Նա նշեց, որ 2010 թվականին, ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալների, բանակում մահվան 54 դեպք է արձանագրվել, որոնցից իրենց հաջողվել է բացահայտել միայն 42-ը: «Մնացած 12 դեպքերը, ցավոք սրտի, որեւէ կերպ չենք կարողացել բացահայտել»,-նշեց Սաքունցը: Նա նաեւ հավելեց, որ նշված դեպքերից միայն 10-ի դեպքում է, որ պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել: Մնացած 32-ի դեպքերի վերաբերյալ հաղորդագրություններ է տարածել միայն այն ժամանակ, երբ դրանց վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակումներ են եղել:
«Ստացվում է, որ ՊՆ-ն փորձել է թաքցնել 32 դեպքերը` դրանց մասին տեղյակ չպահելով հանրությանը»,-նկատեց Սաքունցը: Նրա խոսքով` 2009 թվականի, ինչպես նաեւ նախորդ տարիների համեմատ սպանությունների թիվն աճել է, ինչը մտահոգիչ հանգամանք է: «Հիմնական պատճառը անպատժելիության մթնոլորտն է, այն իրողությունը, որ քրեական հանցանք գործած զինվորականները, օրինակ`Վազգեն Սարգսյանի անվան զորամասի գումարտակի հրամանատար, «Ռոժ» մականունով հայտնի Վարդան Մարտիրոսյանը, պատասխանատվության չեն ենթարկվում իրենց արարքների համար, կամ էլ սպանությունն իրականում կատարող անձինք չեն բացահայտվում»,-նկատեց իրավապաշտպանը:
Նշենք, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը առաջիկայում պատրաստվում է հրապարակել իր զեկույցը, որը կոչվելու է «Զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության հնարավորությունները ՀՀ-ում», որում վերլուծվում է բանակում տիրող իրավիճակը:




























