2009թ.-ի հուլիս ամսվա ընթացքում Հայաստանի առաջին 325 խոշոր հարկատուների արտահանման ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 23,3 տոկոսով եւ կազմել 25,3 մլրդ. դրամ:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2009թ.-ի հուլիսին երեք խոշոր կազմակերպությունների՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի», «Ռուսալ-Արմենալի», «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնիի» արտահանման ծավալները 4 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա հուլիս ամսվա ծավալները` կազմելով մոտ 7 մլրդ դրամ: Միաժամանակ նվազել է իրացումից հասույթի ցուցանիշը՝ նախորդ տարվա համեմատությամբ 13,6 տոկոսով եւ կազմել 152.8 մլրդ. դրամ: Ներմուծման ծավալները այս տարվա հուլիս ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ նվազել է 22,4 տոկոսով` կազմելով 48.5 մլրդ դրամ:

Ի դեպ, խոշորագույն 325 կազմակերպությունների կողմից 2009թ.-ի հուլիս ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 86,6 տոկոսը: Համեմատության համար նշենք, որ «ԱրմենՏել», «ՀայՌուսգազարդ», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» եւ «ՀԱԷԿ» ընկերությունների կողմից ընդհանուր առմամբ 2009թ.-ի հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ բյուջե ավել հարկային վճարումներ է կատարվել 2.5 մլրդ. դրամով: