Չինաստանի նախագահ Սի Ցզինպին եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը պայմանավորվել են շարունակել անընդմեջ զարգացնել երկկողմ հարաբերությունները եւ դրական ներդրում ունենալ միջազգային զարգացման եւ բարգավաճման գործում: Այդ մասին, ինչպես հաղորդում է РИА Новости-ն, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ն:

Կիմ Չեն Ինը հունվարի 7-10-ը, Սի Ցզինպինի հրավերով, Չինաստան էր այցելել: Հյուսիսային Կորեայի ղեկավարը վերջին մեկ տարվա մեջ արդեն չորրորդ անգամ է այցելում Չինաստան:

 «Կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի Չինաստանի եւ ԿԺԴՀ-ի միջեւ հարաբերությունները մշտապես զարգանան, նպաստեն Կորեական թերակղզու խնդրի քաղաքական կարգավորմանը, ինչպես նաեւ դրական ներդրում ունենան տարածաշրջանում եւ աշխարհում կայունության, խաղաղության, բարգավաճման եւ զարգացման գործում»,-ասված է հայտարարության մեջ:

Հունվարի 8-ին «բարեկամական մթնոլորտում» անցկացրած բանակցությունների ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, եւ հասել են կարեւոր կոնսենսուսի, հաղորդել է ԱԳՆ-ն։

Բանակցությունների ավարտից հետո Կիմ Չեն Ինը կնոջ հետ, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի եւ առաջին տիկնոջ ուղեկցությամբ, համերգ են դիտել:

Հունվարի 9-ի վաղ առավոտյան Սի Ցզինպին կրկին հանդիպեց Կիմ Չեն Ինին՝ «Պեկին» հյուրանոցում: Բանակցությունների ավարտից հետո հյուսիսկորեացի հյուրերի համար կազմակերպվեց ճաշկերույթ՝ Չինաստանի նախագահի եւ նրա տիկնոջ անունից: Չորեքշաբթի Կիմ Չեն Ինն այցելել է դեղագործական ընկերության գործարան, որտեղ ծանոթացել է չինական ավանդական բժշկության դեղերի  արտադրությանը: