Հայաստանի կառավարության եւ արտգործնախարարության շենքերի դիմաց ՀՅ Դաշնակցության կազմակերպած բողոքի գործողություններին շատերն են ցանկանում միանալ, բայց կուսակցությունը չի խրախուսում քաղաքացիների այդ ձգտումը, քանի որ Երեւանի քաղաքապետարանը չի արտոնել գործողությունները, եւ բազմաթիվ մարդկանց ներգրավումը կարող է իրավապահների եւ ակցիայի մասնակիցների միջեւ բախումների հանգեցնել: Այդ մասին սեպտեմբերի 22-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Նա հատուկ շնորհակալություն հայտնեց այն բազմաթիվ անձանց, որոնք բոլոր միջոցներով փորձում են օգնել նստացույցի մասնակիցներին: «Շատ քաղաքացիներ բերում են ուտելիք եւ խմիչք, շատերը ցանկանում են նյութական օգնություն ցուցաբերել, մենք նրանց երախտապարտ ենք»,- հայտարարել է Վահան Հովհաննիսյանը: Իսկ նախօրեին ստորագրահավաքին միացել են «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, քաղաքական գործիչ Հրանտ Խաչատրյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: Դա հաշվի առնելով՝ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» պարտադիր կերպով համատեղ ակցիաներ են նախաձեռնելու հայ-թուրքական արձանագրությունների դեմ: Սեպտեմբերի 21-ի դրությամբ՝ ստորագրահավաքին միացել են 35 հազար հոգի:

Նշենք, որ սեպտեմբերի 15-ից ՀՅԴ ներկայացուցիչները հացադուլ են անում ԱԳՆ շենքի դիմաց, եւ նստացույց՝ կառավարության մոտ՝ պահանջելով փոփոխություններ մտցնել հայ-թուրքական արձանագրություններում: